Գառնիկ Դանիելյան․ Կարո՞ղ են նշել մեկ կմ² հող, որ Հայաստանը ստացել է․ «Հրապարակ»

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գառնիկ Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ պետական սահմանները հարցականի տակ դնող իշխանության դիրքորոշման, հայտարարությունների նպատակը հետագա հանձնումներն արդարացնելն է: «Չունենք սահման, ըստ իրենց տրամաբանության, որ փորձում են մեզ հրամցնել, դրա համար յուրաքանչյուր տարածքային կորուստ պետք է դիտարկել, այսպես կոչված, սահմանազատման, սահմանագծման գաղափարի կոնտեքստում: Տեղի ունեցողը սահմանազատում-սահմանագծում չէ, որովհետեւ կոնկրետ հատվածական սահմանազատումն ալիեւյան պահանջ է: Այսինքն՝ այն տարածքները, որոնք Ադրբեջանին են անհրաժեշտ, այդ տարածքները պահանջում են, իսկ այն տարածքները, որոնք որ Հայաստանը պահանջել է, դրանք միանշանակ մերժվել են Ադրբեջանի կողմից, դրա համար անընդհատ հայրենահանձնում է տեղի ունենում»,- ասաց Դանիելյանը: Ինչ վերաբերում է Հայաստանի՝ սահման չունենալու մասին հայտարարություններին, ապա նա հիշեցնում է․ Խորհրդային Միության տարիներին մի քանի փուլով տեղի է ունեցել սահմանազատում-սահմանագծում:

«Վերջին սահմանազատում-­սահմանագծումը տեղի է ունեցել Խորհրդային Միության փլուզման ժամանակահատվածում՝ 1987 թվականին, մի օրվա գործ չէ, երկար ժամանակ է ընթացել այդ պրոցեսը, եւ վերջնական փաստաթուղթ է ստորագրվել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից` սահմանազատման եւ սահմանագծման վերջնական ակտ, որը կազմված է եղել 190 արձանագրությունից եւ մեկ ամփոփիչ արձանագրությունից: Դա վկայում է, որ այդ գործընթացը եղել է, նորություն չէ։ Հայաստանի ներկայացուցիչը եղել է Վլադիմիր Մովսիսյանը, եւ վերջնական իր արտացոլումը ստացել է հենց փաստաթղթի տեսքով: Եղել են սահմանային հենասյուներ, հետո պատերազմ է տեղի ունեցել, որ նոր իրողություններ է բերել՝ սահմանների փոփոխություն, տեղեր կան՝ ինչ-որ չափով մենք ենք զիջել, ինչ-որ չափով նաեւ խախտվել է այդ սահմանի գիծը, ու Փաշինյանի կողմից գովերգված այդ Ալմա Աթայի հռչակագիրն ասում է, որ այն տեղերը, որտեղ կանգնած են ուժերը, ճանաչել են սահմանային իրողությունները, ինչ որ կան: Հիմա բոլոր առումներով այդ ամեն ինչը խախտված է: Խախտված են թե՛ այն արձանագրությունները, որոնք կան, թե՛ պատերազմով պայմանավորված նոր իրողությունները, եւ այս ամենը խախտվել է, այսպես կոչված, նոր սահմանազատման-սահմանագծման շրջանակներում անընդհատ ՀՀ տարածքներից հանձնելով, ու դրա վերջը չի երեւում»,- շեշտում է նախկին պատգամավորը: Չի խոսվում, որ, օրինակ, 200 կմ-ից ավելի, իսկ որոշ տվյալներով` մոտ 400-500 կմ² տարածք օկուպացված է Ադրբեջանի կողմից, սակայն, ինչպես նկատում է դաշնակցականը, այս մասին Սասուն Միքայելյանը չի խոսում:

«Սասուն Միքայելյանն իր շեֆին ասե՞լ է` ինչո՞ւ չես խոսում սրա մասին։ Իհարկե՝ ոչ: Նույն Կիրանցում հայրենահանձնման ժամանակ ասում էին՝ Բերքաբերի 900 հա հողը պիտի ստանանք, այդ 900 հա հողը ստացե՞լ են, իհարկե՝ ոչ, չեն ստացել: Կարո՞ղ են նշել մեկ կմ² հող, որ Հայաստանը ստացել է, ու հիմա էլ խոսում են նոր տարածքային զիջումների մասին: ՔՊ ներկայացուցիչները, որոնք անընդհատ ՀՀ բնակավայրերը կոչում են ադրբեջանական անվանումներով՝ Էյվեզլի, Չեյզամի, հիմա արդեն Քյարքի է, Ասկիպար եւ այլն, եւ այլն: Այսպիսի հայտարարություններ են անում, որովհետեւ հերթական տարածքները պիտի հանձնեն: Սրբազան պայքարը նաեւ կանխեց այդ տարածքների հանձնումը, մենք կարողացանք զսպող հանգամանք հանդիսանալ: Շատ ժամանակ ասում են` ի՞նչ տվեց այդ պայքարը: Այդ պայքարը տվեց այս գործընթացների դադար կամ սառեցում, կամ հետաձգում: Չեմ ուզում շատ հոռետեսական բաների մասին խոսել, բայց մտավախություն ունեմ, որ նոր պահանջները, որ գալիս են Ադրբեջանից, կապված են թե՛ սահմանադրության փոփոխության, թե՛ տարածքների հանձնման հետ, ու այս իշխանությունները պատրաստ են այդ հրահանգները հլու-հնազանդ կատարել. մեծագույն ողբերգությունը հենց դա է»,- ասաց նախկին պատգամավորը:

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment