Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29 հազար 743 կմ քառակուսի է, և դա լիակատար և անքննարկելի կարմիր գիծ է. Ռուբինյան


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Ռուբեն Ռուբինյանին:


«Հայաստան» խմբակցության պատգամավորներից Իշխան Սաղաթելյանը հարց ուղղեց Ռուբինյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք որպես ԱԺ նախագահի թեկնածու կարո՞ղ է հայտարարել կամ երաշխավորել, որ ՔՊ-ի իշխանության տարիներին որևէ պարագայում ու որևէ պատրվակով Տիգրանաշենը չի հանձնվելու:


«Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29 հազար 743 կմ քառակուսի է, և դա լիակատար և անքննարկելի կարմիր գիծ է:


Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի կառավարության հայտարարված ծրագիրը, որը հավանության է արժանացել ժողովրդի կողմից, հետևյալն է, որ այն բոլոր տարածքները, որոնք ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս են, պետք է լինեն մեր վերահսկողության ներքո, և այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման շրջանակներում»,- պարզաբանեց ԱԺ նախագահի թեկնածուն:


Ինչ վերաբերում է այլ հարցերին, նրա խոսքով՝ մյուս հարցերը, ըստ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի, կարող են լուծվել տարբեր կերպ:


«Կանոնակարգը թույլ տալիս է անել որոշակի օպտիմալացումներ, բայց նույնիսկ այդ դեպքում դա պահանջում է հանրաքվե»,- ասաց նա:


Սաղաթելյանի ճշտող հարցին՝ ինչ է նշանակում օպտիմալացում, Ռուբինյանը պարզաբանեց՝ դա տեսականորեն նշանակում է, որ կողմերը, օրինակ, որոշում են սահմանազատման ընթացքում փոքրիկ՝ համարժեք փոփոխություններ անել, որպեսզի, օրինակ, սահմանային գյուղերի կյանքը չխաթարվի, և այսպես շարունակ:


«Ուշադրություն դարձրեք, որ սա ասում եմ զուտ տեսական: Այդ հարցը չի քննարկվել սահմանազատման հանձնաժողովների միջև: Ես ասում եմ, որ այդպիսի հնարավորություն կա: Տեսականորեն այդպիսի հնարավորություն կարող է լինել անկլավների հարցում։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքին, կարծում եմ՝ բոլորին հայտնի է՝ որն է այդ տարածքը, և այդ տարածքը քառակուսիով, այսինքն՝ այդ տարածքի չափը 29 հազար 743 կմ քառակուսի է, և դա չի կարող մեզ համար լինել քննարկելի»,- խոսքը եզրափակեց Ռուբինյանը:

Leave a comment