Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերը հարվածներ են հասցրել երկու նավթատար նավերի, որոնք, ըստ իրանական կողմի, փորձել են անցնել Հորմուզի նեղուցով՝ անտեսելով նախազգուշացումները։
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ նավերը շարժվել են «անօրինական և ոչ անվտանգ երթուղով»՝ ամերիկյան ավիացիայի ուղեկցությամբ։ Իրանական կողմը պնդում է, որ երկու նավթատարներն էլ խոցվել և կանգնեցվել են։
Իրանի ռազմական կառույցը հայտնել է նաև, որ ևս չորս նավ, որոնք, ըստ ԻՀՊԿ-ի, խախտել են սահմանված պահանջները, նախազգուշացում ստանալուց հետո փոխել են ուղղությունը և լքել տարածքը։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ տարածաշրջանում ամերիկյան զինուժի ցանկացած միջամտություն կամ նավագնացության գործընթացին միջամտելու փորձ «անպատասխան չի մնա»։
Իրանական կողմը կրկին կոչ է արել նավագնացության և ապահովագրական ընկերություններին չհիմնվել ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդագրությունների վրա և առաջնորդվել Իրանի պաշտոնական նախազգուշացումներով։