Սկիզբը՝ այստեղ:
Ռուսաստանի հակազդեցությունն ու Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության փորձությունը
«ԵՄ–ն դիմակայուն, անկախ Հայաստանի եւ սեփական ճակատագիրն ընտրելու հայ ժողովրդի իրավունքի մեծագույն պաշտպանն է»
ԵՄ-ն Հայաստանի հետ կառուցում է բազմաշերտ ռազմավարական համագործակցություն։ Հայաստան-ԵՄ հարաբերությունները թեւակոխել են զարգացման նոր եւ առավել խորքային փուլ։ Այս փոփոխությունը, սակայն, պայմանավորված է ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության աստիճանական վերակողմնորոշմամբ, այլեւ տարածաշրջանում ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրողություններով, Ռուսաստանի ազդեցության թուլացման եւ Հայաստանի նկատմամբ Մոսկվայի աճող ճնշումների ֆոնին։
Մոսկվան շարունակում է Հարավային Կովկասը դիտարկել որպես իր ավանդական ազդեցության գոտի, եւ միեւնույն ժամանակ հենց այս զարգացումն էլ առավել սրում է Ռուսաստանի դժգոհությունը եւ մեծացնում Հայաստանի նկատմամբ քաղաքական, տեղեկատվական ու տնտեսական ճնշումները։
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը զուգահեռ ավելի ակնառու է դարձել նաեւ Ռուսաստանի բացասական արձագանքը։ Եթե նախկինում Մոսկվան հիմնականում քաղաքական հայտարարությունների մակարդակով էր արտահայտում իր դժգոհությունը Երեւանի եվրոպական ինտեգրման ուղղությամբ կատարվող քայլերի վերաբերյալ, ապա վերջին ամիսներին այդ քաղաքականությունը վերածվել է նաեւ տնտեսական եւ առեւտրային սահմանափակումների կիրառման։
Այս պայմաններում Հայաստանը հայտնվել է բարդ իրավիճակում․ մի կողմից՝ շարունակվում է եվրոպական ուղղությամբ համագործակցության խորացումը, մյուս կողմից՝ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական կախվածությունը։
Հենց այս համատեքստում հունիսի 18-ին Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ անդամ երկրներին կոչ արեց արագացնել Հայաստանին աջակցելու գործընթացը՝ ռուսական սահմանափակումների պայմաններում։ «Ազատության» եվրոպական աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա դիվանագետներից մեկը նշել էր. «Դրական եւ կարեւոր հանդիպում էր՝ Ռուսաստանի հիբրիդային ու առեւտրային հարձակումներին հակազդելու համար»։
Այս գնահատականը կարեւոր է, քանի որ առաջին անգամ եվրոպական պաշտոնյաները հրապարակայնորեն Ռուսաստանի գործողությունները բնութագրում են ոչ միայն որպես քաղաքական ճնշում, այլեւ՝ հիբրիդային եւ առեւտրային հարձակումներ Հայաստանի նկատմամբ։
Միաժամանակ Բրյուսելը հայտարարեց, որ պատրաստվում է Հայաստանին տրամադրել Առեւտրի ինքնավար միջոցառումներ (Autonomous Trade Measures – ATM), որոնց շրջանակում հայկական որոշ ապրանքներ եվրոպական շուկա կմտնեն առանց մաքսատուրքերի եւ քվոտաների։
Սա քաղաքական առումով, իհարկե, կարեւոր որոշում է, քանի որ այն միայն տնտեսական աջակցություն չէ։ Փաստացի Եվրամիությունը փորձում է Հայաստանին առաջարկել նոր տնտեսական այլընտրանքներ՝ մեղմելու ռուսական սահմանափակումների ազդեցությունը եւ նպաստելու արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։
Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել էր, որ Հայաստանն արդեն ստանում է եվրոպական արագ արձագանքն ու աջակցությունը. «Իհարկե, ես շնորհակալ եմ Եվրոպական միության մեր գործընկերներին այնքան արագ արձագանքելու համար, այդ թվում՝ ֆինանսական աջակցության համար»։ Փաշինյանը նաեւ նշել էր, որ արդեն ձեւավորվում են արտահանման նոր ուղղություններ. «Այսօր… այն նոր ուղղությունները, որոնցով մենք արտահանումներ իրականացնում ենք, երկրների թիվը տասնյակից անցնում է։ Ընդ որում, նրանց մեծ մասը նախկինում զրո արտահանում ենք ունեցել։ Հիմա մենք ոչ միայն ունենք խմբաքանակներ, այլեւ պայմանագրեր մեծ եւ երկարաժամկետ խմբաքանակների համար»։
Եվրոպացի մեկ այլ դիվանագետ եւս ընդգծել էր. «Միրզոյանի այցը հաստատեց ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ խորացող հարաբերությունները», հավելելով, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն արդեն դարձել է էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացումը, որի ուղղությամբ Երեւանը սպասում է եվրոպական ավելի ակտիվ քայլերի։ Միաժամանակ Միրզոյանը հույս էր հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի բացել հայ-թուրքական սահմանը, մինչդեռ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ նշել էր, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո առաջացել է նոր անորոշություն։
Այս ամբողջ համատեքստը ցույց է տալիս, որ Եվրամիությունը Հայաստանի հետ համագործակցությունը սկսում է դիտարկել ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլեւ տարածաշրջանային կայունության, տնտեսական դիմակայունության եւ անվտանգության համատեքստում։ Այդ քաղաքականությունը լրացուցիչ հաստատվեց հուլիսի 13-ին, երբ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարեց. «Մենք նաեւ համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների եւ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, որոնց նրանք իրականում բախվում են այնտեղ»։
Նույն օրը Եվրամիության խորհուրդը պաշտոնապես մեկնարկեց EUPM Armenia առաքելությունը՝ հայտարարելով, որ այն պետք է աջակցի Հայաստանի իշխանություններին՝ բարելավելու երկրի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների, կիբեռսպառնալիքների, օտարերկրյա տեղեկատվական միջամտության եւ անօրինական ֆինանսական հոսքերի նկատմամբ։
Ուշագրավ էր Կալլասի քաղաքական գնահատականը. «Անցած շաբաթ Եվրամիությունը ներկայացրեց Հայաստանի համար տնտեսական եւ քաղաքական աջակցության խոշոր փաթեթ՝ օգնելու դիմակայել Ռուսաստանի ճնշմանը։ Այսօր մենք այնտեղ տեղակայում ենք ԵՄ նոր առաքելություն։ Եվրամիությունը դիմակայուն, անկախ Հայաստանի եւ սեփական ճակատագիրն ընտրելու հայ ժողովրդի իրավունքի մեծագույն պաշտպանն է։ Մենք կապահովենք, որ Հայաստանը միայնակ չմնա արտաքին հարկադրանքին դեմ հանդիման»։
Փաստացի այս հայտարարությունները վերջին տարիներին Հայաստանի վերաբերյալ Եվրամիության ամենակոշտ քաղաքական ուղերձներն են, քանի որ առաջին անգամ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով հստակ շեշտվում էր Ռուսաստանի ճնշմանը դիմակայելու նպատակով Հայաստանին տրամադրվող աջակցության մասին։
Հայաստանի հիմնական մարտահրավերները
Վերջին ամիսների զարգացումները վկայում են, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր քաղաքական մակարդակներում։ Միեւնույն ժամանակ, ակնհայտ է նաեւ, որ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի եվրոպական ուղղության նկատմամբ գնալով ավելի կոշտ է դարձել։ ԵՄ պաշտոնական փաստաթղթերում եւ եվրոպացի դիվանագետների հայտարարություններում Ռուսաստանի գործողությունները բնութագրվում են որպես հիբրիդային, տնտեսական եւ քաղաքական ճնշումներ, իսկ Եվրամիությունը փորձում է այդ ճնշումների ազդեցությունը մեղմել տնտեսական աջակցության, առեւտրային արտոնությունների, ֆինանսական ծրագրերի եւ անվտանգության ոլորտում համագործակցության միջոցով։
Սակայն նույնիսկ այդ աջակցությունը չի վերացնում Հայաստանի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերը։ Հայաստանի տնտեսությունը շարունակում է զգալիորեն կապված մնալ ռուսական շուկայի, տրանսպորտային ուղիների եւ տնտեսական հարաբերությունների հետ։
Հետեւաբար, ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա խորացումը, ամենայն հավանականությամբ, շարունակելու է բորբոքել Ռուսաստանի բացասական արձագանքը, ինչը կարող է արտահայտվել տնտեսական, առեւտրային կամ քաղաքական նոր սահմանափակումներով։
Միեւնույն ժամանակ, եվրոպական ուղղությամբ համագործակցության ընդլայնումը Հայաստանի համար ստեղծում է նաեւ նոր հնարավորություններ։ Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը, էներգետիկ անվտանգության ամրապնդումը, ներդրումային ծրագրերի իրականացումը, պետական կառավարման համակարգի կարողությունների զարգացումը եւ անվտանգության ոլորտում խորհրդատվական աջակցությունը կարող են աստիճանաբար նվազեցնել Հայաստանի արտաքին կախվածությունը եւ բարձրացնել նրա միջազգային դիմակայունությունը։
Հուլիսի 27-ին Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց ունեցան։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ «Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ-ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների ս/թ մայիսի 29-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո», նշվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ։
Իսկ ահա Կրեմլի տարածած հաղորդագրությունից նախ պարզ դարձավ, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, իսկ Պուտինը պնդել է իր ակնկալիքը։ Նա հաստատել է հավատարմությունը 2026թ. մայիսին Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Ռուսաստանի ղեկավարների ընդունած համատեղ հայտարարությանը՝ ԵՄ-ին միանալուն ուղղված Հայաստանի գործողությունների վերաբերյալ, եւ մասնավորապես, ընդգծվել է հնարավորինս կարճ ժամկետներում Հայաստանում ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ կազմում հետագա մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը:
Ինչպես նկատում ենք, Մոսկվան «մարտական» է տրամարդված. Երեւանից ակնկալում են արագ կողմնորոշվել ու գործել։
Այսպիսով, ներկայիս փուլը կարելի է բնութագրել որպես Հայաստանի արտաքին քաղաքականության ամենազգայուն եւ պատասխանատու ժամանակաշրջաններից մեկը։ Երեւանը փորձում է խորացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների լիակատար խզման, մինչդեռ Բրյուսելը ձգտում է ամրապնդել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ Հայաստանին առաջարկելով քաղաքական, տնտեսական եւ անվտանգային նոր գործիքներ։
Սակայն Մոսկվան էլ հստակ իր սպասելիքներն ունի Հայաստանի իշխանություններից, ավելին, ոչ դիվանագիտորեն ասած, գործի է դրվել քաղաքական շանտաժը՝ ՀՀ-ում հանրաքվե անցկացնելու հրամայականի թեմայով։
Հայաստանին կհաջողվի՞ հավասարակշռություն պահպանել… Դա մեծապես կախված կլինի ոչ միայն Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումից, այլեւ տարածաշրջանային անվտանգության միջավայրից, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից եւ իհարկե, Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա դինամիկայից, որն, ակնհայտորեն, կարող է փակուղային իրավիճակում հայտնվել։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.07.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: