Հովտաշենի շուկա շրջայցի ժամանակ միմյանց հետ զրույցի ընթացքում «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներ Հարություն Մնացականյանն ու Տիգրան Աբրահամյանը արձանագրեցին, որ Ռուսաստանի շուկան փակվել է հայ գյուղացու համար։ Հետեւաբար, այս ութ տարում, որ կառավարությունը խոսում է շուկայի դիվերսիֆիկացման, ԵՄ շուկայի մասին, արդեն պետք է քայլեր ձեռնարկած լիներ, այլ ոչ թե հիմա ցայտնոտային վիճակում ինչ-որ սուբսիդիաներ առաջարկեր։
Պատգամավորներն ընդգծեցին, որ Հայաստանն ընդունել է օրենք Եվրամիությանն անդամագրվելու մասին եւ հստակ ասել է, որ Հայաստանը նպատակ ունի գնալու դեպի Եվրոպա, ԵՄ։ Ուրեմն ակնկալվում էին կոնկրետ քայլեր. համապատասխան նորմատիվ իրավական բազայի մշակում, լաբորատորիաների հիմնում, մթերման կայանների ստեղծում, ապրանքի հետագծելիություն։ Որ դա առաջինը մեզ է պետք։ Որ այսօր այսքան առողջապահական խնդիրներ՝ հիվանդացություններ ունենք, մեր պտուղ-բանջարեղենը ստուգում եւ տեսնում ենք, թե մեր գյուղմթերքի մեջ ինչքան թունաքիմիկատների մնացորդներ կան։
«Բայց կան ֆերմերներ, ես ինքս հետեւում եմ, մի շատ հայտնի եւ հետաքրքիր հայ ֆերմեր կա՝ Դավիթ Դավթյանը, որը վերջին տարիներին սկսել է Սինգապուր գյուղատնտեսական ապրանքներ արտահանել։ Անգամ ծնեբեկ է արտահանում Սինգապուր։ Ի՞նչն է խանգարում Հայաստանին՝ հաշվի առնելով, որ դեսպանատներ ունենք տասնյակ երկրներում, այդ ամենը կազմակերպել»,-ասաց Տիգրան Աբրահամյանը, ինչին Հարություն Մնացականյանը հավելեց. «Դավիթ Դավթյանն իմ ընկերն է։ Նա երկար ժամանակ ստանալով գիտելիքներ ու փորձ ձեռք բերելով՝ կարողացել է ինքնուրույն Սինգապուրի շուկա արտահանում կազմակերպել։ Բայց սովորական միջին վիճակագրական ֆերմերը առանց պետական աջակցության չի կարող։
Գյուղատնտեսության նախարարություն է հարկավոր նաեւ նրա համար, որ շուկան ուսումնասիրի, ֆերմերին ուղղորդի՝ ինչ մշակաբույս աճեցնել»։
Հանդիպելով տեղական սխտոր վաճառողին՝ պատգամավորները տեղեկացան, որ դրա վաճառքն էլ նվազել է։ «Անցած տարիների համեմատ, այս տարի շարժը շատ թույլ է։ Դուրս չենք կարողանում հանել։ Խոշոր սխտորի գնի մեջ մոտ 500 դրամի տարբերություն կա։ Անցած տարի մեծածախով ծախվում էր։ Այս տարի պիտի այստեղ-այնտեղ մի կերպ կիլո-կիլո ծախես»,-ասաց մեկ այլ վաճառող։
Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ պատգամավորները ասացին. «Լաբորատորիաներ են պետք, որոնք արտասահմանյան լաբորատորիաների հետ իդենտիֆիկ են, մթերման կայաններ պետք է հիմնել, որի միջոցով հնարավոր կլինի շատ մեծ քանակի ապրանք հավաքագրել, պահեստավորել եւ արտահանել։ Հիմա Հայաստանում մի տեղ մթերման կայան կառուցում են, սակայն դա մասնավոր է ու պետությունը այդ մթերակայանի հետ, կարելի է ասել, կապ չունի։ Բայց մի մթերման կայանով ամբողջ երկրի գյուղատնտեսության հարց չի լուծվելու, ինչպես մի ծաղկով գարուն չի գալիս։
Եվ ամենակարեւորը։ Ապրանքի հետագծելիությունը՝ թունաքիմիկատների կանոնավոր վաճառքը եւ հստակ վերահսկելիությունը, որպեսզի որեւէ ֆերմեր չկարողանա մտնել թունաքիմիկատների խանութ եւ իր ուզած թունաքիմիկատն ու ուզած քանակը գնել։
Հաջորդը՝ հողերի գոտիավորումն է, որի արդյունքում կարողանաս հասկանալ, թե որ տարածաշրջանում ինչ բույս աճեցնես նվազագույն ինքնարժեքով եւ մրցունակ լինես միջազգային շուկայում։ Այսպես, տարերային ձեւով չես կարող պայքարել արեւի տակ տեղ ունենալու համար»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: