Ըստ Reuters-ի՝ Իրանն առաջիկա շաբաթներին կարող է ստանալ Չինաստանից գնված 400 շարժական զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ Սպիտակ Տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցնում է Դոնալդ Թրամփին «…Ի հայտ են եկել նոր տեղեկություններ, որ Իրանը Չինաստանից 400 հրթիռային համակարգեր է ստանալու՝ Պակիստանի միջոցով»:

Այս հարցին նախագահ Թրամփի պատասխանից հետևում է, որ նա չի հերքում, բայց նաև չի ցանկանում հավատալ լուրի իսկությանը՝ նշելով, որ Չինաստանը վստահեցրել է, որ չի մասնակցելու և ինքը շատ հիասթափված կլինի, եթե զենքի մատակարարումը իրականություն դառնա:

Նշեմ, որ Reuters լրատվական գործակալությունը երեկ հայտնել է, որ նման գործարք կա՝ հղում անելով իր աղբյուրներին: Պակիստանի ՊՆ-ն և Չինաստանի ԱԳՆ-ն արդեն հերքել են գործակալության հրապարակումը։ Պեկինում հայտարարել են, որ «համապատասխան հաղորդագրությունները բացարձակապես անհիմն են»՝ ընդգծելով, որ Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին և պահպանում է ռազմական նշանակության արտադրանքի արտահանման ոլորտում գործող ազգային օրենսդրությունը։

Ըստ Reuters-ի՝ Իրանն առաջիկա շաբաթներին կարող է ստանալ Չինաստանից գնված 400 շարժական զենիթահրթիռային համալիրների (ՇԶՀՀ) առաջին խմբաքանակը։

Հրապարակման համաձայն՝ խոսքը վերաբերում է չինական QW-12 և FN-16 ինֆրակարմիր հրթիռներով զինված շարժական զենիթահրթիռային համալիրներին (MANPADS), որոնք նախատեսված են ցածր բարձրությամբ թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի խոցման համար։ Reuters-ի աղբյուրների պնդմամբ՝ նախատեսվել է մատակարարումներն իրականացնել Պակիստանի տարածքով։ Եթե հավատանք Reuters-ի այս լուրին, ապա մատակարարման ուղղին ևս տարօրինակ է, քանի որ վերջին ամիսներին հենց Պակիստանն է հանդես եկել, և հիմա էլ փորձում է հանդես գալ որպես միջնորդ, Վաշինգտոնի և Թեհրանի միջև։

Հ.Գ. Հետաքրքիր է, երբ աշխարհի հիմնական լուրերն ու քաղաքական իրադարձություններն ուժի, ուժային գործոնների, լայնածավալ ռազմական ռիսկերի, բարձր տեխնոլոգիական մրցավազքերի ու էներգետիկ ռեսուրսների մասին են, այդ դեպքում ծաղիկ ծախելն է ավելի ձեռնտու, թե՞ ձուկ ծախելը…

Իսկ գուցե ավելի հետաքրքիր է քննարկել, թե ՔՊ-ի՝ միմյանցից ոչնչով չտարբերվող, անմիտ հայացքներով պատգամավորներից՝ ով ինչ պաշտո՞ն կզբաղեցնի…

Հայաստանի այսօրվա «քաղաքական իշխանությունն» ու քաղաքական միտքը բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment