Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում առաջարկեց պետության կողմից իրականացվող խոշոր ծրագրերի և պատմական գործընթացների մասին վավերագրական ֆիլմեր նկարահանել՝ դրանք համարելով հանրային հաշվետվողականության և պետական հիշողության պահպանման կարևոր գործիք։
Նրա խոսքով՝ այս գաղափարը ծնվել է Վեդու ջրամբար կատարած այցից հետո, երբ մտածել է, թե ինչու Հայաստանում չկա նման մշակույթ, մինչդեռ աշխարհի տարբեր երկրներում ինժեներական խոշոր կառույցների մասին բարձրորակ վավերագրական ֆիլմեր են ստեղծվում։
«90 միլիոն եվրո ծախսել ենք Վեդու ջրամբարի վրա։ Կարո՞ղ ենք մի փոքր էլ ծախսել, որ դրա մասին պրոֆեսիոնալ վավերագրական ֆիլմ նկարենք։ Դա և՛ հանրային հաշվետվողականություն կլինի, և՛ մեր թողած ժառանգության գրադարանի մաս»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ նույն մոտեցումը պետք է կիրառել նաև «300 դպրոց», «500 մանկապարտեզ», առողջության ապահովագրության համակարգի, Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի, Բամբակի եկեղեցու որմնանկարների վերականգնման, հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի բանակցությունների վերաբերյալ։
Վարչապետի խոսքով՝ եթե պետությունը չի արձանագրում իր իրականացրած աշխատանքը, ապա ժամանակի ընթացքում ստեղծվում է տպավորություն, թե ներկան բովանդակություն չունի։
«Մենք բովանդակություն չենք ստեղծում։ Մեզ թվում է, թե միայն անցյալ ունենք, ապագա չկա, իսկ ներկան էլ չկա։ Պետք է թողնենք մեր պատմությունը, որպեսզի տարիներ անց մարդիկ տեսնեն, թե ինչ է արվել»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։