ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ Իրանի վրա հարվածների վերջին ալիքն են իրականացրել, որը տևել է երկու ժամ։ Հարվածներ են հասցվել տասնյակ թիրախների։ Վաշինգտոնը սա որակել է որպես «հզոր պատասխան» Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի ուղղությամբ մեկ օր առաջ արձակված իրանական հրթիռներին։ Մասնավորապես, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ ավարտել են Իրանի դեմ «հարվածների ծանր ալիքը», գրում է CNN-ը։

«CENTCOM-ը հարվածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ թիրախների Իրանում, այդ թվում՝ ռազմական հրամանատարական կենտրոնների, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի, ափամերձ հսկողության և պաշտպանության օբյեկտների, ինչպես նաև ծովային օբյեկտների»,- X-ում նշել է CENTCOM-ը։

Լրացուցիչ մանրամասներ չեն ներկայացվել թիրախների թվի վերաբերյալ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր «շատ ուժեղ» հարված հասցնել Իրանին՝ Իսլամական Հանրապետության կողմից հարձակման փորձից հետո։

Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը հրապարակել է Քեշմ կղզուց լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ, ըստ հաղորդումների, որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են այն բանից հետո, երբ ԱՄՆ հրթիռները հարվածել են Չահ Տանգու թաղամասի բնակելի տանը։

Նահանգի ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրենը IRIB-ին ասել է, որ փլատակների տակից մինչ այժմ երկու երեխա է դուրս բերվել և տեղափոխվել բժշկական հաստատություններ: Ավելի ուշ հայտարարվել է, որ Քեշմ կղզում հարվածի հետևանքով ընտանիքի երեք անդամներ են զոհվել, երկու երեխա վիրավորվել է։

Բացի այ, Իրանի հարավում պայթյուններ են լսվել ԱՄՆ-ի հարվածներից հետո, հաղորդում է իրանական պետական ​​Press TV հեռուստաալիքը։ Մասնավորապես, պայթյուններ են տեղի ունեցել Բանդար Աբբասում՝ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող հարավային նավահանգստային քաղաքում, ինչպես նաև վիճարկվող ջրային ուղու մոտ գտնվող կղզիների շրջակայքում։

Հորդանանի պետական ​​լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ զինվորականները կանխել են Իրանի կողմից թագավորությանը հինգ հրթիռներով հարվածելու փորձը, զոհեր չկան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment