ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ Իրանի վրա հարվածների վերջին ալիքն են իրականացրել, որը տևել է երկու ժամ։ Հարվածներ են հասցվել տասնյակ թիրախների։ Վաշինգտոնը սա որակել է որպես «հզոր պատասխան» Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի ուղղությամբ մեկ օր առաջ արձակված իրանական հրթիռներին։ Մասնավորապես, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ ավարտել են Իրանի դեմ «հարվածների ծանր ալիքը», գրում է CNN-ը։
«CENTCOM-ը հարվածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ թիրախների Իրանում, այդ թվում՝ ռազմական հրամանատարական կենտրոնների, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի, ափամերձ հսկողության և պաշտպանության օբյեկտների, ինչպես նաև ծովային օբյեկտների»,- X-ում նշել է CENTCOM-ը։
Լրացուցիչ մանրամասներ չեն ներկայացվել թիրախների թվի վերաբերյալ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր «շատ ուժեղ» հարված հասցնել Իրանին՝ Իսլամական Հանրապետության կողմից հարձակման փորձից հետո։
Իրանի պետական IRIB հեռուստաալիքը հրապարակել է Քեշմ կղզուց լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ, ըստ հաղորդումների, որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են այն բանից հետո, երբ ԱՄՆ հրթիռները հարվածել են Չահ Տանգու թաղամասի բնակելի տանը։
Նահանգի ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրենը IRIB-ին ասել է, որ փլատակների տակից մինչ այժմ երկու երեխա է դուրս բերվել և տեղափոխվել բժշկական հաստատություններ: Ավելի ուշ հայտարարվել է, որ Քեշմ կղզում հարվածի հետևանքով ընտանիքի երեք անդամներ են զոհվել, երկու երեխա վիրավորվել է։
Բացի այ, Իրանի հարավում պայթյուններ են լսվել ԱՄՆ-ի հարվածներից հետո, հաղորդում է իրանական պետական Press TV հեռուստաալիքը։ Մասնավորապես, պայթյուններ են տեղի ունեցել Բանդար Աբբասում՝ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող հարավային նավահանգստային քաղաքում, ինչպես նաև վիճարկվող ջրային ուղու մոտ գտնվող կղզիների շրջակայքում։
Հորդանանի պետական լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ զինվորականները կանխել են Իրանի կողմից թագավորությանը հինգ հրթիռներով հարվածելու փորձը, զոհեր չկան։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի