Ճարպակալումը մեծացնում է բազմաթիվ ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման վտանգը և կարող է ազդել կյանքի տևողության ու որակի վրա: Ճարպակալումը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության, հենաշարժողական համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, քնի խանգարումների և այլ առողջական խնդիրների զարգացման հավանականությունը։
Ինչպե՞ս կանխարգելել ճարպակալումը
Նույնիսկ մարմնի քաշի 5–10%-ով նվազեցումը կարող է զգալիորեն բարելավել առողջական վիճակը և կանխել բազմաթիվ հիվանդությունների զարգացման վտանգը։
Ավելի շատ շարժվե՛ք
Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ ամեն օր։
Շաբաթվա ընթացքում առնվազն 150 րոպե չափավոր ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն պահպանե՛ք (օրինակ՝ արագ քայլք, հեծանիվ վարել, լող)։
Եթե երկար ժամանակ նստած եք, յուրաքանչյուր 30–60 րոպեն մեկ կանգնե՛ք և մի քանի րոպե շարժվե՛ք։
Հնարավորության դեպքում աշխատանքի կամ դպրոց գնացե՛ք ոտքով կամ հեծանվով։
Վերելակի փոխարեն օգտվե՛ք աստիճաններից։
Ավելի հաճախ զբոսնե՛ք և զբաղվե՛ք ակտիվ խաղերով ընտանիքի կամ ընկերների հետ։
Ընտրե՛ք այնպիսի ֆիզիկական ակտիվություն, որը Ձեզ հաճույք է պատճառում և համապատասխանում է Ձեր առողջական վիճակին։
Սնվե՛ք առողջ
Ամեն օր օգտագործե՛ք բավարար քանակությամբ բանջարեղեն և մրգեր։
Նախընտրե՛ք ամբողջահատիկ սննդամթերք, լոբազգիներ, ընկույզներ, սերմեր և ձուկ։
Սահմանափակե՛ք քաղցրավենիքի, հրուշակեղենի, արագ սննդի, վերամշակված մսամթերքի, ճարպոտ և տապակած սննդի օգտագործումը։
Նվազեցրե՛ք աղի, ավելացված շաքարի, հագեցած և տրանսճարպերի օգտագործումը։
Շաքար պարունակող ըմպելիքների փոխարեն նախընտրե՛ք սովորական ջուր։
Ընտրե՛ք առողջ կենսակերպ
Մի՛ ծխեք և խուսափե՛ք պասիվ ծխելուց։
Խուսափե՛ք ալկոհոլի օգտագործումից։
Քնե՛ք բավարար ժամանակ և պահպանե՛ք կանոնավոր քնի ռեժիմ։
Խորհուրդներ երեխաների և հղիների համար
Հղիության ընթացքում հետևե՛ք բժշկի խորհուրդներին՝ առողջ սնվելու, ֆիզիկական ակտիվության և քաշը վերահսկելու վերաբերյալ։
Կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում երեխային բացառապես կրծքով կերակրե՛ք, այն նպաստում է նրա առողջ աճին և զարգացմանը։
Երեխաների մոտ վաղ տարիքից ձևավորե՛ք առողջ սնվելու և կանոնավոր ֆիզիկական ակտիվության սովորություններ՝ անկախ նրանց մարմնի քաշից։
Փոքր, բայց հետևողական փոփոխությունները կարող են զգալիորեն բարելավել առողջությունը և նվազեցնել բազմաթիվ հիվանդությունների զարգացման վտանգը։
ՀՀ առողջապահության նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: