«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանից լրագրողները հետաքրքրվել են՝ հնարավո՞ր է վերանայվի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը՝ նրա եղբոր հետ կապված պատմությունից հետո:
«Այդ մասով ոչինչ չեմ կարող մեկնաբանել և ոչինչ չեմ կարող բացառել»,- ասել է Պետրոսյանը և ընդգծել՝ հաշվի առնելով, որ միջադեպի երկու կողմն է իրենց թիմի անդամ են՝ տեղի ունեցածը ոչ միայն դատապարտելի է, այլև ցավալի:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ևս անընդունելի է համարել ցանկացած բռնություն և կուսակցական կանոնագրքի խախտում:
«Մենք երկու տեսանկյունից պետք է հարցին նայենք։ Ես իհարկե տեսել եմ մամուլի հրապարակումները։ Նախ՝ իրավական, քրեաիրավական, և մեր իրավապահ մարմինները պետք է պարզեն եղելությունը, և մեղավորները, եթե այդպիսիք կան… համապատասխան օրենքով, սահմանված կարգով ընթացք տրվի այդ ամեն ինչին: Եվ կուսակցական կարգապահության տեսանկյունից մենք ունենք ինստիտուտներ կուսակցությունում, որոնք գործել են և գործում են, և եղել են էլի այդպիսի դեպքեր, ցավոք սրտի, երբ որ մենք կուսակցությունից, օրինակ, մարդկանց ենք հեռացրել տարբեր պատճառներով»,- ասել է նա: