Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի` ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները

Հունգարիան տեխնիկական խորհրդակցությունների ընթացքում արգելափակել է Ուկրաինայի` Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ երկու կետերի շուրջ բանակցային գործընթացի մեկնարկը։ Տեղեկությունը հայտնում է բրիտանական «Financial Times» (FT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով՝ Բուդապեշտը հետաձգել է երկրորդ և երրորդ կլաստերների բացումը, որոնք վերաբերում են միասնական շուկային ինտեգրվելուն, ինչպես նաև տնտեսական և սոցիալական քաղաքականությունն ընդլայնելուն:

Նշվում է, որ ստեղծված հանգամանքներում ԵՄ պաշտոնատար անձինք կարծում են` Հունգարիայի աջակցությունը պահպանելու համար «քաղաքականապես ներգործելու» անհրաժեշտություն կլինի։

Բացի այդ, հունգարական կողմը դեմ է Ուկրաինայի անդամակցության արագացված ընթացակարգին։ Ինչպես հայտարարել է երկրի ներկայացուցիչը (անունը չի նշվում), Կիևը «չպետք է ավելի արտոնյալ վերաբերմունք ստանա», քան Արևմտյան Բալկանների թեկնածուները, որոնք տարիներ շարունակ պայքարում են ԵՄ–ի պայմանները բավարարելու համար:

ԵՄ անդամակցության բանակցային գործընթացը ներառում է 33 բաժին (գլուխ), որոնք ընդգրկված են 6 կլաստերում։ Բանակցությունների մեկնարկը միությանն անդամակցելու ժամկետ չի սահմանում և ԵՄ անդամագրում չի երաշխավորում: Օրինակ՝ Չեռնոգորիան, որի հնարավոր անդամակցությունը սպասվում է 2027 թվականին, բանակցում է արդեն 14 տարի։ Անդամակցության իրական հեռանկար չունեցող Թուրքիան շուրջ 21 տարի մասնակցում է ԵՄ անդամակցության բանակցություններին:

Sputnik Արմենիա

Leave a comment