Ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի ու աշխատի, գործի, ոչ թե, օրինակ, ՀԱՊԿ-ի նման. Գեւորգ Պապոյան

«Աշխատուժի ազատ տեղաշարժի հնարավորություն կա։ Եթե դա չի ապահովվում, նշանակում է, որ ԵԱՏՄ օրենսդրությունն ու ԵԱՏՄ-ի ձևավորման սկզբունքները չեն աշխատում։ Մենք ընդամենը, որպես ԵԱՏՄ լիարժեք անդամ և երկիր, որը մտահոգված է ԵԱՏՄ ճակատագրով, որովհետև ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի ու աշխատի, գործի, ոչ թե, օրինակ, ՀԱՊԿ-ի նման՝ պարզապես գոյություն ունենա»,- այսօր ՔՊ վարչության արտահերթ նիստից առաջ լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ այն ապրանքը, որը վաճառվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, եվրոպական շուկայում և Չինաստանում, չի կարող չվաճառվել Ռուսաստանում։

«Հետևաբար, երբ մենք քննարկենք այս հարցը, դա կնշանակի քննարկել մի հարց, որի արդյունքում ԵԱՏՄ-ի սկզբունքները կաշխատեն։ Որովհետև ԵԱՏՄ-ի սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, այլ ամբողջ ԵԱՏՄ-ի խնդիրն է։ Հետևաբար, այդ կազմակերպությանը վերաբերվում ենք որպես մեր կազմակերպության, և չենք կարող այդ կազմակերպության որևէ չաշխատող մեխանիզմի նկատմամբ ունենալ չեզոք կամ կրավորական կեցվածք»,- ասաց նա։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment