«Telegram»-ի հիմնադրին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ԱԴԾ

Բաժանորդագրվել

ԱԴԾ-ն Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. «Telegram» մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովին քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործունեությանն աջակցելու հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն:

Նշվում է, որ «Telegram»-ի ադմինիստրացիան չի ջնջել Ռուսաստանում դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների, զանգվածային սպանությունների, ինչպես նաև կիբեռհանցագործությունների նախապատրաստման (որոնց հետևանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում կանայք և երեխաներ, պատճառվել է բազմամիլիարդանոց նյութական վնաս) նպատակով Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից ակտիվորեն օգտագործվող ալիքները, չաթերն ու բոտերը:

««Telegram»-ի ադմինիստրացիայի ղեկավար Պ. Դուրովին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205.1-րդ հոդվածի 1.1-րդ մասով (ահաբեկչական գործունեության օժանդակություն) նախատեսված հանցակազմի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում», – ասված է հաղորդագրության մեջ:

«Telegram»-ը մեսենջեր է, որը թույլ է տալիս փոխանակել բազմաթիվ ձևաչափերի հաղորդագրություններ և մեդիաֆայլեր: Հավելվածը ստեղծվել է 2013 թվականին «ВКонтакте» սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի կողմից։ «Telegram»-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է 1 միլիարդը։

Leave a comment