Կողմերը վերահաստատել են, որ այս ծրագիրը կունենա նաև տարածաշրջանային և գլոբալ նշանակություն՝ Արևմուտքից Արևելք հաղորդակցությունների անխոչընդոտ զարգացման միջոցով
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ իրենք ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևորագույն ձեռքբերումներից մեկը։
Այն է՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» նախագծի հետևողական իրականացման կարևորությունը՝ համաձայն սույն թվականի հունվարի 13-ին Հայաստանի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից ստորագրված TRIPP նախագծի իրականացման շրջանակի։
Կողմերը վերահաստատել են, որ այս ծրագիրը, խաղաղության հաստատման լրջագույն դիվիդենտներից բացի, կունենա նաև տարածաշրջանային և գլոբալ նշանակություն՝ Արևմուտքից Արևելք հաղորդակցությունների անխոչընդոտ զարգացման միջոցով։ Նրանք գոհունակություն են հայտնել նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև օրերս մեկնարկած տեխնիկատնտեսական հետազոտությունների ընթացքի վերաբերյալ։
Փաշինյանը և Վենսը քննարկել են նաև տարածաշրջանում հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակման հեռանկարները՝ որպես Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորագույն երաշխիք։
TRIPP նախագծի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։
Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։