Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի ներկայացրած առաջարկը Օմանում անցկացված բանակցությունների ընթացքում։
«Ամերիկյան կողմը հայտարարել էր, որ եթե այս ծրագիրը մերժվի, բանակցությունները կհամարվեն ձախողված, և նրանք կհեռանան։ Ի վերջո հենց այդպես էլ տեղի ունեցավ․ ամերիկյան պատվիրակությունը լքեց բանակցությունները»,– դիվանագետի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը։
Ղարիբաբադիի խոսքով՝ բանակցությունները կայացել են այն բանից հետո, երբ Իրանը կրկին փակել էր Հորմուզի նեղուցը։ Նրա խոսքով՝ մյուս կողմը պնդել է, որ մինչև իրանա-օմանյան բանակցությունների ավարտը բաց մնա այլընտրանքային հարավային ծովային երթուղին, սակայն Թեհրանը չի ընդունել այդ առաջարկը։