Հայաստանի ձկնաբուծության ոլորտը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առջև. «Փաստ»

Հայաստանի ձկնաբուծության ոլորտը վերջին շրջանում հայտնվել է այնպիսի բազմաշերտ ճգնաժամի առջև, որն արդեն միայն առանձին տնտեսավարողների կամ մեկ ճյուղի խնդիր չէ։ Այն վերածվել է տնտեսական, սոցիալական, արտաքին առևտրային, պարենային անվտանգության և պետական քաղաքականության արդյունավետության հարցի։ Եթե դեռևս մի քանի տարի առաջ ոլորտը համարվում էր Հայաստանի գյուղատնտեսության ամենահաջողված և ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը, ապա այսօր նույն ոլորտը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առջև։

Շուրջ 15 հազար տոննա չիրացված թարմ ձկան կուտակումը տնտեսություններում պարզապես վիճակագրական ցուցանիշ չէ։ Այն խորհրդանշում է ամբողջ արտադրական շղթայի խաթարումը, շրջանառու միջոցների սառեցումը, արտադրողների ֆինանսական կայունության վտանգումը և հազարավոր մարդկանց եկամտի աղբյուրների նկատմամբ աճող անորոշությունը։

Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանի կողմից հայկական ձկնամթերքի ներմուծման սահմանափակումներն են, որոնց հետևանքով հայկական արտահանողները շուրջ երկու ամիս փաստացի զրկվել են իրենց հիմնական շուկայից։ Հայաստանի ձկնաբուծության ոլորտի առանձնահատկությունն այն է, որ այն երկար տարիներ կառուցվել է արտահանման տրամաբանության վրա։ Ներքին շուկան սահմանափակ ծավալներ ունի և չի կարող սպառել այն արտադրանքը, որն արտադրում են հայկական տնտեսությունները։ Հետևաբար, արտադրության մեծ մասը մշտապես նախատեսված է եղել արտահանման համար, իսկ այդ արտահանման գերակշիռ մասը տարիներ շարունակ ուղղվել է դեպի ռուսական շուկա։ Այդ պատճառով, երբ այդ շուկան նույնիսկ ժամանակավորապես փակվում է, արտադրության ամբողջ շղթան կանգնում է լուրջ ճնշման տակ։

Այս իրավիճակը հատկապես կարևոր է հասկանալ ոլորտի զարգացման պատմության համատեքստում։ Պատահական չէ, որ Հայաստանում ձկնաբուծության արագ զարգացումը սկսվեց հատկապես 2014 թվականից հետո, երբ աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով նորվեգական ձկնաբուծական ընկերությունների մուտքը ռուսական շուկա սահմանափակվեց։ Այդ ժամանակ Ռուսաստանի շուկայում առաջացավ առաջարկի զգալի պակաս, և հայկական արտադրողները կարողացան զբաղեցնել ազատված հատվածի մի մասը։ Բարձր պահանջարկը խթանեց ներդրումները, ընդլայնվեցին տնտեսությունները, ավելացան արտադրական հզորությունները, ստեղծվեցին նոր աշխատատեղեր, ձևավորվեցին արտահանման նոր ենթակառուցվածքներ։ Սակայն այդ աճի հիմքում աստիճանաբար ձևավորվեց մեկ լուրջ համակարգային ռիսկ՝ չափազանց մեծ կախվածությունը մեկ շուկայից։

Տնտեսական գործունեության տեսանկյունից նման իրավիճակը միշտ վտանգավոր է։ Երբ որևէ արտադրական ոլորտի վաճառքի գերակշիռ մասը կենտրոնացած է մեկ երկրի կամ մեկ գնորդի վրա, ցանկացած քաղաքական, տնտեսական, տեխնիկական կամ վարչարարական սահմանափակում անմիջապես վերածվում է համակարգային ճգնաժամի։ Հայաստանը փաստացի հենց այդ իրավիճակում հայտնվեց։

Տարիներ շարունակ ռուսական շուկան ընկալվում էր որպես կայուն և կանխատեսելի ուղղություն, սակայն արտաքին շուկաների տրամաբանությունը միշտ էլ ենթադրում է, որ ցանկացած պահի կարող են փոխվել կանոնները, սահմանվել նոր պահանջներ կամ առաջանալ քաղաքական ու տնտեսական նոր իրողություններ։ Այդ պատճառով տնտեսության դիվերսիֆիկացիան միշտ էլ կենսական անհրաժեշտություն է։

Սակայն այստեղ կարևոր է նաև չընկնել մյուս ծայրահեղության մեջ և չստեղծել այնպիսի պատկեր, թե Ռուսաստանի շուկայի կորուստը հեշտությամբ կարելի է փոխարինել Եվրոպական միությամբ։ Վերջին ամիսներին հաճախ հնչում են հայտարարություններ, թե Եվրոպան կարող է դառնալ հայկական ձկնամթերքի նոր հիմնական շուկան։ Իրականում այդ գնահատականը չափազանց լավատեսական է, ընդ որում՝ բացարձակ չարդարացված, և ամբողջությամբ չի արտացոլում առկա մարտահրավերները։

Իհարկե, կարևոր քայլ էր, որ 2026 թվականի հուլիսին Հայաստանի կառավարությունը հաստատեց Եվրոպական միության TRACES համակարգում գրանցվելու և ձկնամթերքի արտահանման կարգը։ Սա նշանակում է, որ հայկական արտադրողները տեսականորեն ստանում են եվրոպական շուկա մուտք գործելու իրավական հնարավորություն։ Բացի այդ, կառավարությունը հայտարարեց նաև սառեցված և վերամշակված ձուկ Եվրոպա արտահանելու պաշտոնական թույլտվության մասին և սահմանեց արտահանվող յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 820 դրամ պետական աջակցություն։ Առաջին հայացքից սա կարող է թվալ լուրջ խթան, սակայն իրական տնտեսական պատկերը շատ ավելի բարդ է։ Նախ՝ եվրոպական շուկան աշխարհում սննդամթերքի ամենախիստ կարգավորվող շուկաներից մեկն է։ Այստեղ բավարար չէ պարզապես որակյալ ձուկ արտադրելը։ Անհրաժեշտ է ապահովել ամբողջ արտադրական շղթայի վերահսկելիությունը՝ սկսած ջրի որակից և կերի բաղադրությունից մինչև հակաբիոտիկների կիրառման ամբողջական վերահսկողությունը, կենդանիների առողջության մշտադիտարկումը, արտադրանքի թվային հետագծելիությունը, լաբորատոր մշտական ստուգումները, սանիտարական բարձր չափանիշների պահպանումը և բազմաթիվ այլ պահանջներ։ Այս ամենը պահանջում է ոչ միայն նոր սարքավորումներ, այլև կառավարման նոր մշակույթ, միջազգային ստանդարտների ներդրում և շարունակական վերահսկողություն։ Մյուս կողմից էլ՝ եթե նույնիսկ հայկական արտադրողները համապատասխանեն բոլոր պահանջներին, դա դեռ չի նշանակում, որ նրանք ավտոմատ կերպով կկարողանան վաճառել իրենց արտադրանքը Եվրոպայում։ Եվրոպական շուկան չափազանց մրցակցային է։ Ձկնարդյունաբերության ոլորտում արդեն երկար տարիներ ամուր դիրքեր ունեն այնպիսի խոշոր արտադրողներ, ինչպիսիք են Նորվեգիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան ու Հունաստանը։ Այդ երկրները գործում են անհամեմատ մեծ արտադրական ծավալներով, ունեն տարիների ընթացքում ձևավորված բրենդային ճանաչելիություն, զարգացած լոգիստիկ ցանցեր, լայնածավալ պահեստային համակարգեր և զգալիորեն ավելի ցածր ինքնարժեք՝ կերի, էներգետիկ և այլ տեխնոլոգիական ծախսերի ու մասշտաբի էֆեկտի շնորհիվ։

Սակայն եթե նույնիսկ բանակցությունների արդյունքում ռուսական շուկան ամբողջությամբ վերաբացվի, Հայաստանը չպետք է վերադառնա նախկին մտածելակերպին։ Հենց ներկայիս ճգնաժամը պետք է դառնա կարևոր դաս, որ մեկ շուկայից կախվածությունը ռազմավարական սխալ է։ Անհրաժեշտ է ոչ միայն վերականգնել ռուսական արտահանումը, այլև միաժամանակ շարունակել ներդրումները արտադրանքի որակի բարձրացման, միջազգային հավաստագրերի ձեռքբերման, նոր շուկաների ուսումնասիրության և արտահանման աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ։

Այդ գործընթացը պետք է իրականացվի աստիճանաբար՝ առանց այնպիսի սպասումների, թե Եվրոպան կամ որևէ այլ շուկա մեկ կամ երկու տարվա ընթացքում կկարողանա ամբողջությամբ փոխարինել Ռուսաստանին։ Ավելին՝ անհրաժեշտ է վերանայել նաև ամբողջ ոլորտի զարգացման մոդելը։ Հնարավոր է ավելի մեծ ուշադրություն դարձնել ոչ թե միայն թարմ ձկան արտահանմանը, այլ նաև բարձր ավելացված արժեք ունեցող վերամշակված արտադրանքին՝ ապխտած, ֆիլեացված, փաթեթավորված կամ այլ ձևերով պատրաստված ձկնամթերքին։

Նման արտադրանքը հաճախ ունի ավելի երկար պահպանման ժամկետ, ավելի ճկուն լոգիստիկ հնարավորություններ և ավելի բարձր շահութաբերություն։ Սա կարող է նաև նպաստել, որ Հայաստանը միջազգային շուկայում ներկայանա ոչ միայն որպես հումք մատակարարող, այլ որպես մրցունակ վերամշակող երկիր։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment