Հայկական կողմը շատ բարձր է գնահատում և կարևորում Իրանի հետ հարաբերությունները, և դրանք վտանգի տակ չեն դրվելու՝ չկա ոչ մի դավադրություն կամ կեղծավորություն, ամեն ինչ շատ թափանցիկ է, հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Նա այդպես է պատասխանել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանի հարցին, թե Իրանի հետ ավիափոխադրումների և բեռնափոխադրումների ինչ ապագա կա։
Նա հավելել է, որ Իրանի հետ բեռնափոխադրումների խնդիրների կարգավորման համար նախատեսված տեխնիկական լուծումների իրագործումը շուտով տեսանելի կլինի, հայտնում է Sputnik Արմենիան:
«Իրանի հետ մենք մեր հարաբերություններն այնքան, որքան դրանք թույլ տալիս են պատժամիջոցները, խորացնելու ենք, այդ թվում և ավիափոխադրումների մասով այնքան ժամանակ, մինչև մենք չենք հայտնվի այն սահմանագծին, որից այն կողմ Հայաստանն ինքը կհայտնվի պատժամիջոցների թիրախում, և մեր տնտեսությունը կսկսի փլուզվել»,– հայտարարել է նախարարը։
Միրզոյանը նաև հայտնել է, որ Իրան է մեկնել և այնտեղից վերադարձել իրանական ավիաընկերություններից մեկի չվերթով։
Անդրադառնալով բեռնափոխադրումներին՝ նախարարը նշել է, որ իրանական կողմի մաքսատան մոտ որոշակի խցանումներ և կուտակումներ են առաջացել։ Նրա խոսքով՝ հայկական կողմն այս հարցն ինտենսիվորեն քննարկում է իրանցի գործընկերների հետ։
«Կան տեխնիկական լուծումներ, որոնց իրագործումը, կարծում եմ, շուտով կտեսնենք»,– ընդգծել է նախարարը։
Հոկտեմբերի 1-ին նույն հարցի վերաբերյալ նմանատիպ դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ճեպազրույցի ընթացքում։
ԱՄՆ-ն սեպտեմբերի 29-30-ը հերթական պատժամիջոցներն է սահմանել Իրանի, ինչպես նաև Հոնկոնգում և Պակիստանում գործող անձանց ու կառույցների նկատմամբ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում ներառվել են Իրանի, Հոնկոնգի և Պակիստանի հետ կապված սուբյեկտներ, որոնք, ըստ Վաշինգտոնի, աջակցում են իրանական կողմին կամ նպաստում գործող սահմանափակումների շրջանցմանը։