Ձուկ, ձկնորս, քրեականացում․ նոթեր Սևանա լճից. մաս երկրորդ

Սկիզբը՝ այստեղ:

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

  1. Ժողովրդի և բնության հանդեպ հոգատարությո՞ւն, թե՞ տնտեսական բևեռացման վերարտադրություն

Վերադառնանք պետական պաշտոնական վարկածին և մեկ առ մեկ անդրադառնանք դրա բացթողումներին կամ անստույգ դրույթներին։

Ա) Պետությունը՝ որպես իրավասու միավոր, միջամտում է բնության օգտագործման գործընթացին և դրանից կախյալ մարդկանց կյանքին, որպեսզի վերականգնի Սևանա լճի էկոհամակարգը։

Թեև կարելի է հարցականի տակ դնել պետության իրավասությունն ինքնին, հատկապես կենտրոնացված կառավարման ձևը, բայց այդ երկար քննարկում պահանջող հարցը մի կողմ դնենք: Ընդունենք ներկայացված դերն ու նպատակը: Հարց է ծագում. ինչո՞ւ են ՀՀ պետական մարմինները վերջին տարիներին մեծ աղմուկ բարձրացնում սիգի գերորսի շուրջ և բնության պահպանման կարգախոսի ներքո ընդհուպ մինչև ոստիկանական միջոցներ գործադրում աղքատ ժողովրդի դեմ, երբ մյուս կողմից՝ երկրի ջրային համակարգն աղտոտող և շրջակա գյուղերն անբնակելի դարձնող հանքարդյունաբերական ծրագրերը կանաչ լույս են ստանում, երբ բնապահպանների մատնանշած և հենց Սևանա լճի պահպանմանը վերաբերող այլ հարցեր մնում են անտեսված․ ցանցավանդակային ձկնաբուծությունը պետական հովանավորությամբ շարունակում է աղտոտել լիճը, լիճ թափվող գետերի վրա գտնվող փոքր ՀԷԿ-երը շարունակում են կտրել հողագործության համար պիտանի ջուրն ու փակել իշխանի վերարտադրության ուղին, Սևան-Հրազդան ՀԷԿ-ով ջրի հավելյալ բացթողումները հետևողական ուշադրության չեն արժանանում, և կան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք նույնքան կամ ավելի են վնասում լճին, քան սիգի գերորսը: Ինչո՞ւ են ՀՀ պետական մարմինները վճռականորեն միջամտում սիգի որսի կարգավորմանը և լայն տեղ տալիս դրան պաշտոնական հռետորաբանության մեջ, բայց նույն մոտեցումը չեն կիրառում բնօգտագործման այլ դեպքերում:

Բ) Սիգն ազգային ու պետական հարստություն է, այսինքն՝ պատկանում է ազգին ու պետությանը, հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդին, այլ ոչ թե որևէ կոնկրետ աշխարհագրական, տնտեսական կամ սոցիալ-մշակութային խմբավորման։

Դարձյալ կարելի է հարցականի տակ դնել ինքնին այս պնդումը. արդյո՞ք սիգն իր ճակատի քրտինքով ջրից հանողի իրավունքը հավասար է լճի հետ որևէ կապ չունեցող ժողովրդի շերտերի իրավունքին։ Բայց այդ երկար քննարկում պահանջող հարցը մի կողմ դնենք: Ընդունենք ներկայացված պնդումը։ Սևանի սիգի պարագայում շատ տարածված է «ազգային-պետական հարստություն» եզրույթի գործածումը (շահարկումը), որով էլ արդարացվում է ձկնորսներին «ձկնագող» կոչելը։ Այն հարցին, թե ումի՞ց է գողանում ձկնորսը, պատասխանների ճնշող մեծամասնությունը լինում է՝ «պետությունից» կամ «ժողովրդից» (որը նույնացվում է «ազգ» հասկացության հետ, քանի որ ակնարկում է Հայաստանի ժողովրդին, հայ ժողովրդին)։ Երբ այս եզրույթները միամտաբար, անգիտակցաբար կամ միտումնավոր կերպով օգտագործվում են առանց սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության, առանց անդրադառնալու դասակարգային տարբերություններին, երբ հղում է կատարվում ժողովրդին, ազգին, պետությանը՝ որպես միատարր միավորների, դրանք դառնում են շահագործման գործընթացները քողարկելու գործիքներ։ Անտեսվում է այն շոշափելի իրականությունը, որում շահագործվում է աշխատողը (ձկնորսը), որի բաժինն այդ «ազգային-պետական» հարստությունից անհամեմատ ավելի քիչ է, քան իրեն շահագործողինը, իր վրա իշխողինը, ներդրում անողինը կամ արտադրության միջոցներին տիրացողինը։ Հղում անելով «ժողովուրդ», «պետություն», «ազգ» վերացական հասկացություններին՝ Սևանի ավազանի ձկնորսական համայնքների աշխատավորները պիտակավորվում են որպես գող՝ իրենց հանապազօրյա հացը վաստակելու համար։ Սովորական է համարվում այն, որ նույն այդ ազգի, պետության ու ժողովրդի իրական, շոշափելի մի մասը  պետք է առանց հատուցման առնվազն երկու ամիս զրկվի եկամտից՝ որպես զոհողություն հանուն այդ վերացական հասկացության ։ Իսկ երբ ձկնորսը բողոքում է՝ մատնանշելով, որ իրենից խլում են իր եկամտի աղբյուրը, պատասխանը լինում է՝ «լավ, մի ամիս եթե տանը նստի, սովից չի մեռնի», «թող մի քիչ խնայողաբար ապրի հիմա, հետո հանգիստ կորսա», «թող ուրիշ գործ գտնի»։ Այս բոլորն այնպիսի խոսքեր են, որոնք կա՛մ ընդունելի են դարձնում աղքատության մեջ ապրելը, կա՛մ անտեսում են աշխատանք գտնելու դժվարությունները։ Պաշտոնական վարկածի այս պնդման մեջ կա նաև հետևողականության պակաս. արդյո՞ք ազգային-պետական համարվող այլ հարստությունները պահպանվում են կամ հավասարապես բաշխվում, թե՞ երբ հերթը հասնում է միջազգային կամ տեղական խոշոր ընկերություններին, «ազգային-պետական հարստությունները», ինչպիսիք են, օրինակ, հանքարդյունաբերությանը հանձնվող հումքերը, դադարում են այդպիսին լինել։ Փաստորեն, միայն աշխատավոր դասակարգն է, որ իրավունք չունի օգտվելու «ազգային-պետական հարստությունից»։

Գ) Սևանի սիգից կախյալ Սևանի ավազանի բնակիչներն առաջինն են օգտվելու այս նախաձեռնություններից. եթե հիմա՝ արգելքի այս տարիներին, համբերեն ու ձկնորսությամբ չզբաղվեն, ապագայում ինքնստինքյան երկար ժամանակ կկարողանան իրենց աշխատանքը շարունակել բնականոն պայմաններում:

Այս պնդումը հաշվի չի առնում, որ եթե հիմա՝ ներկայում, Սևանի ավազանի բնակիչները չկարողանան արժանապատիվ կյանքով ապրել, ապագայում արդեն շատ ուշ կլինի նրանց այդ հնարավորությունն ընձեռելը։

Ամառային մի վաղ առավոտ է. ձկնորսի հետ որսից հետո տուն ենք վերադառնում՝ Նորատուսի գյուղամեջ։ Խարխուլ ու մաշված մեքենայի ցնցումներից օրորվելով՝ առաջ ենք շարժվում գյուղի գլխավոր փողոցով։ Ձեռքը մեկնում է ճամփեզրի տներից մեկին՝ «տե՛ս, պարապ ա», հետո մի ուրիշին՝ «պարապ ա», մեկ ուրիշին՝ «պարապ», ու այդպես շարունակ՝ «պարապ», «պարապ», «պարապ»… Ամեն չորրորդ կամ հինգերորդ տունը «պարապ» է։ Ո՞ւր են գնացել։ «Կողպել, գնացել են»։ Գործ չկա, կյանքի հարմար պայմաններ չկան… գյուղը ժամանակի ընթացքում դատարկվում է…

Սևանի պահպանման հետ առնչվող տարբեր անձինք ու խմբեր՝ լինեն բնապահպաններ, գիտնականներ, պետական կամ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ, գիտեն, որ ձկնորսական համայնքների բնակիչները հաճախ են շեշտում ներկայի վերաբերյալ այն փաստարկը, թե ապագան ապահովելն անիմաստ է, երբ ներկայու՛մ հաց վաստակել չեն կարողանում:[1] Նրանք հեշտությամբ անտեսում են այս փաստարկի ճշմարտացիությունն ու լրջությունը: Սակայն ներկայում գոյատևելու հարցը շատ հրատապ է և իրական: Հաշվի առնելով աշխատանքի և եկամտի հնարավորությունների սահմանափակ լինելը՝ ձկնորսությունից բացի հիմնական այլընտրանքներն ուրիշ քաղաք՝ մայրաքաղաք տեղափոխվելը կամ արտագնա աշխատանքի մեկնելն են: Արդեն իսկ Գեղարքունիքի բազմաթիվ բնակավայրեր ապրում են արտերկրից փոխանցված գումարներով և զրկվել են աշխատող տղամարդկանցից: Ի պատասխան այն փաստարկին, որ ձկնորսական համայնքներում աշխատանքի հնարավորությունները քիչ են, շատերն ասում են՝ «թող կրթվեն, ուսում ստանան, որ կարողանան ուրիշ աշխատանք գտնել»: Բայց որտե՞ղ: Չկա մի ձկնորս, որ ինձ ասած չլինի, թե չի ուզում, որ իր զավակը ձկնորսությամբ զբաղվի: Չափահաս ձկնորսների համար, անշուշտ, ընտանիք պահելուն զուգահեռ ուսում ստանալն արդեն ուշ է և ծախսատար: Իսկ երիտասարդությունը՝ ձկնորսների զավակները, ստանու՛մ են ուսում, գնու՛մ են համալսարան: Հետո՞: Մեծամասնությունը մեկնում ու հաստատվում է Երևանում, քանի որ այդ ուսմանը համապատասխանող աշխատատեղ չկա մարզի բնակավայրերում, կամ կա շատ քիչ՝ մարզկենտրոնում: Ստացվում է, որ արդյունքը նորից նույնն է՝ ձկնորսական համայնքները զրկվում են իրենց բնակիչներից: Այսինքն՝ առանց ձկնորսության դժվար է այնտեղ գոյատևելը: Հետևաբար, ներկայի մասին փաստարկն իրական է ու շատ լուրջ:

Հետևաբար, Սևանի ավազանի բնակիչներին ապագայի վերաբերյալ որևէ խոստում տալն անհեթեթ է, եթե այդ խոստումին չեն հաջորդում սոցիալ-տնտեսական պայմանների արդարացի փոփոխությանն ուղղված իրական քայլեր:

Ապագայի վերաբերյալ խոստումն է՛լ ավելի անհեթեթ է դառնում, երբ հաշվի ենք առնում լճի ապագայի անորոշ վիճակը: Սիգը որքան էլ շատանա, ջրիմուռները շարունակելու են ծաղկել, իսկ լիճը՝ ճահճանալ, եթե հանքարդյունաբերական թափոնները շարունակեն լցվել ավազանի գետերը, եթե ցանցավանդակային ձկնաբուծության կերերը շարունակեն աղտոտել ջուրը, եթե փոքր ՀԷԿ-երը շարունակեն խոչընդոտել ձկնատեսակների բնական վերարտադրությանը, եթե կոյուղաջրերը շարունակեն թափվել լիճ: Երբ լճի էկոհամակարգը փոխող այս տարբեր գործընթացների դեմ պայքարը հավասարակշռված չէ, ուրեմն ձկնորսի ապագա աշխատանքն էլ ապահովված չէ. ճահճացած լճում ի՞նչ որս: Ու հարց է առաջանում՝ արդյո՞ք այս նախաձեռնությունների նպատակն իրապես մեկն է՝ «վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը»: Իսկ եթե ոչ, ապա ո՞րն է իրական նպատակը: Պատասխանի համար հետաքննական աշխատանք է պահանջվում, ինչն այս հոդվածի և իմ հետազոտության շրջանակներից դուրս է:

Ամեն դեպքում, կարիք չկա խորանալու Սևանի ձկնորսության կարգավորման շուրջ պաշտոնական հռետորաբանության թաքնված նպատակների մեջ՝ հասկանալու համար, որ հայտարարված նպատակն ու տրամաբանությունը համոզիչ չեն: Երբ ձկնորսական համայնքների սոցիալ-տնտեսական պայմաններն անտեսվում են, վերարտադրվում են նրանց աղքատ պահող գործընթացները, բնակավայրերը շարունակում են դատարկվել, և այդ բնակչության ապագան իր իսկ բնակավայրում վտանգվում է՝ նաև լճի ճահճացման վտանգի պատճառով: Այս լույսի ներքո ապագայի մասին խոստումներն ու «սա առաջին հերթին նրանց համար է արվում» պնդումն իմաստազրկվում են: Երբ լճի պահպանության համար անհրաժեշտ մյուս քայլերը մնում են երկրորդական, էկոհամակարգի վերականգնման նպատակը կորցնում է իր իմաստը։

Ահա թե ինչո՛ւ չի կարելի Սևանի ձկնորսական համայնքները, նրանց սոցիալ-տնտեսական պայմանները և դասակարգային անհավասարության գործոնը դուրս թողնել Սևանի բնության պահպանությանն ու ձկնորսությանն առնչվող որոշումներից ու քննարկումներից: Հակառակ դեպքում, այսինքն՝ ներկայիս քաղաքականության պայմաններում աղքատությունը վերարտադրվում է՝ դառնալով ընդունելի ու սովորական, իսկ տնտեսական բևեռացումն ավելի է սաստկանում:

Ո՞րն է այս քննարկման բուն իմաստը։ Պետք է թույլ տալ, որ սիգի որսը շարունակվի նաև ձվադրմա՞ն շրջանում, և որսն իրականացվի առանց որևէ սահմանափակմա՞ն։ Ո՛չ։ Հարցի դասակարգային բնույթն ու ձկնորսական համայնքների պայմանները հասկանալը չի՛ նշանակում լիովին անտեսել որսի արգելքը՝ որպես բնապահպանական կարևոր միջոց։ Նշանակում է հարցականի տակ դնել ներկայիս գործընթացի նպատակն ու իրականացման ձևը։ Ինչպես վերևում նշեցինք, բուն նպատակի քննարկումը հավելյալ հետաքննություն է պահանջում։ Այժմ մի քանի պարբերություն՝ իրականացման ձևի, հատկապես ոստիկանական մոտեցումը որպես գործիք կիրառելու մասին, և կանցնենք եզրակացությանը։

VII. Ոստիկանական մոտեցումը՝ ձևական լուծում

Թեև հասարակական խնդիրների լուծման գործում ոստիկանական մոտեցման դերն առհասարակ կասկածելի է, բայց եկեք մի կողմ դնենք ընդհանուր հարցն ու այն քննարկենք բացառապես սիգի որսի արգելքի շրջանակում։ Հնարավոր չէ ձկնորսների՝ արգելված ժամանակահատվածում որս անելու արարքը տարանջատել դրա պատճառներից։ Եվ արդեն իսկ նշված պատճառներով՝ չի կարելի ձկնորսներին հանցագործ համարել։ Այս պայմաններում ոստիկանական մեթոդներին դիմելը (մեթոդներ, որոնք անխուսափելիորեն ենթադրում են բռնություն և ուժի կիրառում), փոխանակ ձկնորսի մեջ չորսալու անհրաժեշտության հանդեպ վստահություն ու համոզմունք սերմանելու, ավելի է խորացնում լարվածությունը։ Ինչո՞ւ. որովհետև այն նպաստում է ձկնորսին որպես հանցագործ կամ գող պիտակավորող խոսույթների վերարտադրմանը, և փոխանակ լուծելու խնդրի արմատը՝ ապօրինի որսի պատճառները, փորձում է վերացնել միայն ախտանիշը՝ որսի փաստը։ Այսինքն՝ այլ խոսքով, չի ձգտում իրապես հասկանալ ձկնորսի կացությունը։

Պետական մարմիններն ու ներկայացուցիչները հրապարակավ, իսկ պաշտոնյաները՝ անհատական զրույցների ընթացքում հպարտությամբ հայտարարում են, թե խստացված արգելքի ժամանակահատվածից առաջ և դրա ընթացքում բացատրական աշխատանքներ են տանում ձկնորսների հետ: Բայց իրականում այս մոտեցումն ապացուցում է ուժային հարաբերությունների առկայությունը, քանի որ ենթադրում է, թե հասկանալու ակնկալիքը միակողմանի է. պետական մարմիններն ակնկալում են, որ ձկնորսը պետք է հասկանա արգելքի անհրաժեշտությունը: Իսկ արդյո՞ք իրենք պատրաստ են հասկանալու այն պատճառները, որոնք ձկնորսին մղում են որս անելու, մղում են ընդվզելու այդ արգելքի և ոստիկանական ուժի կիրառման դեմ: Պետության ներկայացուցիչներն արդյո՞ք պատրաստ են ընդունելու, որ ձկնորսության կարգավորման խնդիրը շատ ավելի խորքային է, քան զուտ բնապահպանական հարցերը: Բացատրական աշխատանքի վրա շեշտը դնել նշանակում է ենթադրել, թե ձկնորսի որս անելու պատճառը նրա տգիտությունն է կամ բնապահպանական թեմաներն ընկալելու դժվարությունը: Հետևաբար՝ ոչ մի իմաստ չունի հպարտանալ բացատրական աշխատանքներով, երբ դրանց հիմքն ի սկզբանե սխալ է: Այս պայմաններում այդ բացատրական աշխատանքները, որոնք նույն մակերեսային մտքերի մեխանիկական կրկնությունն են, պարզապես ձևականություն են և հիմնավորում՝ արդարացնելու դրանց հաջորդող ուժի կիրառումը:

Բազմաթիվ են փաստերը, երբ ոստիկանական մեթոդներ առաջարկող, արդարացնող կամ համոզմունքով կիրառող պետական պաշտոնյաները չեն ցանկանում հասկանալ ձկնորսներին: Խախտման ու տուգանքի չափի անհամապատասխանությունը, պատժի բացառապես դրամական բնույթը, նավակների ու որսի գործիքների առգրավումն ու դրանք չվերադարձնելը (հաճախ նույնիսկ արգելքի շրջանի ավարտից հետո), «ձկնագող» բառի շարունակական կիրառումը, «թող ուրիշ գործով զբաղվի» կամ «թող կրթություն ստանա» արտահայտությունները, որոնք հաշվի չեն առնում տվյալ մարզի պայմաններն ու հնարավորությունները․․․ այս ամենը վկայում է պատրաստակամության պակասի մասին՝ հասկանալու և արդար ու բարոյապես ճիշտ ճանապարհով լուծելու գերորսի խնդիրը: Այս համատեքստում զարմանալի չէ, որ ձկնորսը, հնազանդվելու փոխարեն, պոռթկում է ու դիմադրում պետական գործիքակազմին ու օրենքին՝ հասնելով ընդհուպ մինչև ֆիզիկական բախման:

Եթե այս ոլորտում որոշում կայացնող պետական մարմինները ցանկանային աղքատությունն ու գործազրկությունը դիտարկել որպես սիգի ապօրինի որսի հիմնական պատճառ, ապա կդիմեին այլ միջոցների։ Օրինակ՝ սիգի ձվադրման շրջանում դրամական հատկացումներով (սուբսիդիաներով) ապահովեին ձկնորսության տնտեսության մեջ ներգրավվածների, հատկապես՝ ամենաքիչ վաստակողների եկամուտը, որպեսզի նվազեցնեին որսով զբաղվելու նրանց դրդապատճառները։ Նորաստեղծ Էկոպարեկային ծառայությանն ու Ջրային պարեկներին պետական բյուջեից հսկայական միջոցներ հատկացնելու փոխարեն այդ նույն գումարները կարող էին ուղղվել խնդրի արմատների վերացմանը՝ նպաստելով աղքատության կրճատմանն ու տնտեսական բևեռացման մեղմմանը։[2] Նույնիսկ պետական տրամաբանության շրջանակում ավելի նպատակահարմար է սատարել ձկնորսին, որը երկրի տնտեսության համար առավել ազդեցիկ գործոն է և նպաստում է դրա առաջնային հատվածին, քան բյուջեն մսխել ուժային կառույցների վրա, որոնք ի վիճակի չեն լուծել խնդիրները (քանի որ զբաղվում են միայն ախտանշաններով և իրենց կիրառած բռնությամբ ավելի են օտարում ժողովրդին կամ հետապնդում են մասամբ շինծու խնդիրներ՝ անտեսելով ավելի խորքայինները)։

Եթե կառավարությունը ցանկանար ընդունել աղքատությունն ու գործազրկությունը որպես սիգի ապօրինի որսի գլխավոր պատճառ՝ մի հիմնախնդիր, որը հատուկ չէ միայն Գեղարքունիքին, ապա կմշակեր տնտեսական և սոցիալական այնպիսի քաղաքականություն, որը առաջնահերթություն կտար աղքատ բնակչության ու աշխատավոր դասակարգի գոյատևման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։ Դա կնշանակեր ավելի արդար հարկային համակարգ, պայքար մայրաքաղաք-մարզեր բևեռացման դեմ, ինչպես նաև պետական աշխատատեղերը կրճատելու և կենտրոնացնելու փոխարեն՝ դրանց պահպանում ու տարածում տարբեր մարզերում։ Հակառակ տրամաբանության օրինակ են բնակավայրերի ինքնավար կառավարման փոխարինումը «խոշորացված համայնքներով» կամ ՍԱՊ-ի մասնաճյուղերի տեսուչների համակարգի փոխարինումը կենտրոնացված պարեկային ծառայությամբ։

2024-ի ամռանը՝ ՍԱՊ-ի տեսուչների ազատումից մի քանի ամիս անց, ծառայության պաշտոնյաներից մեկին հարցրի, թե ինչով են հիմա զբաղվում գործազուրկ դարձած նախկին տեսուչները։ Պատասխանեց՝ «ձուկ են բռնում»։ Էական չէ՝ կատա՞կ էր, թե՞ լուրջ. դա ամենևին բացառված չէր։ Այդ պատասխանը երկու բառով ի ցույց էր դնում կառավարության վերջին որոշումների ու տրամաբանության ողջ հեգնանքը. բյուջեն և ուշադրությունն ավելի ու ավելի ուղղելով դեպի ոստիկանացում՝ անուղղակիորեն նպաստել խնդրի վերարտադրմանը։

VIII. Ականջալուր լինենք ձկնորսին

Սևանի ձկնորսության կարգավորման շուրջ հանրային վեճերն ու քննարկումներն ընդհանրապես ընթանում են բնապահպանության նեղ ըմբռնմամբ՝ մարդուն դուրս թողնելով բնությունից: Իսկ երբ խոսք է գնում սոցիալ-տնտեսական ու մշակութային, այսինքն՝ տեղի մարդկա՛նց առնչվող թեմաների մասին, ապա տիրապետող ոճը թելադրական է, խրատական կամ նույնիսկ հրամայական: Պաշտոնական հագուկապով կամ ոստիկանական համազգեստով մարդիկ «իրենց օֆիսներից» (ինչպես կրկնում են ձկնորսները) Սևանի ավազանի ձկնորսական համայնքներին բացատրում են, թե ինչ է նշանակում բնության հետ համերաշխ ապրել, ինչ է նշանակում զոհողություն անել հանուն բնության, պետության կամ ժողովրդի, և ինչպես է հնարավոր գոյատևել սուղ եկամուտով: Միևնույն ժամանակ, իրենց ուղղակի կամ անուղղակի որոշումներով նրանք վերարտադրում են մի համակարգ, որը բնապահպանությունը կարևորում է միայն այնքանով, որքանով այն չի խանգարում խոշոր կապիտալիստների ու մեծահարուստների  հանգստին. մի համակարգ, որն է՛լ ավելի է խորացնում տնտեսական բևեռացումը:

Սևանի ձկնորսներն ու տնտեսության ստորին օղակների մյուս աշխատողները տեսնում են այս կրկնվող երևույթները։ Նրանք ոչ միայն տգետ չեն, այլև ունեն փորձառություն, որը կարող է համակարգը հասկանալու շատ ավելի հզոր միջոց լինել, քան գրականություն կարդալը։ Իրենց փորձով նկատում են, որ «օրենքն աղքատի համար է [միայն]» (ձկնորսի խոսք), որ հրապարակային խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, և որ բնապահպանությունն օգտագործվում է որպես քող՝ այլ գործընթացներ ծածկելու համար։ Ու ընդդիմանում են։ Ընդդիմանում են ճնշող ու կեղեքող համակարգին։ Երբեմն ընդդիմանում են՝ հենց իրե՛նք էլ բռնություն կիրառելով։ Բայց այդ բռնությունը պատասխան է։ Եթե կապիտալիստական ակնոցով նայենք, ապա կտեսնենք «կռվարար» նորատուսցու, «մաֆիոզ» ծովագյուղցու, «ագահ» ձկնորսի… Բայց բավական է փոխել ակնոցը, և այդ բռնության մեջ կտեսնենք դասակարգային դիմադրություն, աշխատավորի ու շահագործվողի պոռթկում և ընդվզում։

Արժե կրկնել, որ պետությունը միատարր միավոր չէ, և բոլոր պետական պաշտոնյաները չեն, որ համոզված են պաշտոնական վարկածի ճշմարտացիության հարցում։ Բայց տիրապետող խոսույթին ու մթնոլորտին հակառակ կարծիք հայտնելը հեշտ չէ։ Մյուս կողմից՝ միայն պետական պաշտոնյաները չեն, որ ազդեցություն ունեն պաշտոնական հռետորաբանության վրա։ Գիտնականներ, բնապահպաններ, միջազգային կազմակերպություններ, մամուլ, ձկնորսական շուկայի հետ առնչվող մարդիկ, գործարարներ և ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր հանրային խնդիրների մասին բարձրաձայնելու հարթակ ու առիթ ունեն, կարող են նպաստել այս տրամաբանության և համակարգի վերարտադրմանը կամ, ընդհակառակը՝ դրա վերանայմանը։ Համակարգին ընդդիմացողներն իսպառ չեն վերացել, բայց քիչ են ու անտեսանելի։ Նաև՝ դարձվու՛մ են անտեսանելի։ Եթե ուզում ենք սատարել նրանց, եթե ուզում ենք թիկունք կանգնել Սևանի ձկնորսական համայնքներին և լուռ չմնալ աշխատավորի, գյուղացու ու աղքատի շահագործման դեմ, ամեն ինչից առաջ պետք է ականջալուր լինենք ձկնորսին ու ձկնորսական համայնքների խոցելի խավին։ Լրջորե՛ն ընկալենք, դանդաղենք ու մտածենք, թե ինչու և ինչ է նշանակում այն, որ.

«Հանքերը թողած՝ հաց հանողին սարքել են կրիմինալ» (Սևանի ձկնորսի խոսք):

Արեւ Փափազեան

[1] Այս խմբերն էլ միատարր չեն, և բոլորը չէ, որ կիսում են այս կարծիքը։ Սակայն ես կենտրոնանում եմ հենց այս տեսակետի վրա, քանի որ այն իշխողն է։

[2] ՀՀ 2025 թվականի պետական բյուջեից 14,5 միլիարդ դրամ է հատկացվել Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին, որից 6,4 միլիարդն ուղղվել է Էկոպարեկային ծառայությանը։ Այսինքն՝ ՇՄՆ բյուջեի 44 տոկոսը, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 2,9 միլիարդով։

https://minfin.am/hy/page/petakan_byuje_2025t;
https://www.facebook.com/mnparmenia/posts

Արեւ Փափազեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment