Բաքուն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ հայ գերիների մասին փոփոխությանը

Ադրբեջանի խորհրդարանն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի կողմից Բաքվին ուղղված փոփոխության ընդունմանը, որը կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խորհրդարանը «մերժել է Բաքվի դեմ ուղղված փոփոխություններն ու անհիմն մեղադրանքները» և նախաձեռնությունն անվանել է «միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ակնհայտ անտեսման» և «ԱՄՆ Կոնգրեսը որպես Ադրբեջանի դեմ քաղաքական ճնշման միջոց օգտագործելու փորձ՝ հայկական լոբբիի շահերից ելնելով»:

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է, որ նման որոշումները խաթարում են վստահության մթնոլորտը և խոչընդոտում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Միլի մեջլիսը (խորհրդարանը) կոչ է արել ԱՄՆ կոնգրեսականներին «հարգանք ցուցաբերել միջազգային իրավունքի և ինքնիշխանության նկատմամբ» և «գործիք չդառնալ այն ուժերի ձեռքում, որոնք հետաքրքրված են խաղաղության գործընթացը խաթարելով և Հարավային Կովկասում դիմակայությունը պահպանելով»:

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն ընդունել էր փոփոխություն, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին: Հանձնաժողովի 44 անդամ աջակցել էր նախաձեռնությանը, իսկ 7-ը՝ դեմ էր:

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։

Armenia Today

Leave a comment