«Մենք տեսել ենք այդ փաստաթղթի կենսունակությունը՝ իր բոլոր կետերի չկատարումով, ավելացնելու բան չունեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես են հասկացել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը արդիական է, ու կոմունիկացիաների հարցը կարող է լուծվել դրա շրջանակում:
Անդրադառնալով իրենց ընդդիմախոսների պնդումներին, թե իրենց ընտրվելու դեպքում իրենց նախարարները պարգեւավճարներ չեն ստանալու, ինչպես ՔՊ-ի նախարարներն են ստանում, Թորոսյանը արձագանքեց. «Ճիշտ է՝ կստանան ծրարներ իրենց օլիգարխ ղեկավարից: Ինչպես որ մենք բազմիցս լսել ենք, որ տեղի է ունեցել նախկին շատ կառավարությունների ժամանակ: Այդ մարդիկ եղել են ոչ թե կառավարության անդամներ, այլ այդ մարդկանց անձնական աշխատողները: Դա ոչ միայն ընդունելի չէ , այլեւ շատ ստորացուցիչ է»: Լրագրողներից մեկի հարցին՝ փաստ ունե՞ք, որ ծրարով գումարներ են ստացել նախարարները, Թորոսյանը չպատասխանեց ու հեռացավ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: