Կրեմլը ողջունում է ԱԳ նախարարների մակարդակով ՌԴ-ԱՄՆ շփումների գաղափարը

Քաղաքականություն

20.07.2026 | 17:00

Կրեմլը վերջին օրերին ԱՄՆ ներկայացուցիչների հետ շփում չի ունեցել, սակայն կողջունի երկու երկրների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարների միջև հնարավոր շփումները։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, վերջին օրերին մեր միջև որևէ  շփում չի եղել»,- ասել է նա լրագրողներին։

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հնարավոր հանդիպման մասին խոսքերը՝ Պեսկովը նշել է. «Արտգործնախարարության, դիվանագիտական ​​​​գերատեսչությունների գծով, իհարկե, շփումները հիմնականում տեխնիկական են, բայց եթե շփում լինի արտաքին գործերի նախարարների մակարդակով, մենք դա միայն կողջունենք»։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ Ֆիլիպիններում կայանալիք ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակներում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպման  պատրաստակամություն էր հայտնել։

«Մենք բաց կլինենք նրանց հետ հանդիպման համար»,- Մանիլա մեկնելուց առաջ լրագրողներին ասել էր Ռուբիոն։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նույնպես հուլիսի 21-23-ը կայցելի Ֆիլիպիններ՝ մասնակցելու ԱՍԵԱՆ-ի միջոցառումներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment