Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Հայաստանի հանրային-քաղաքական դաշտում վերջին շրջանում կրկին ակտիվացել են նոր Սահմանադրության ընդունման հնարավոր ժամկետների վերաբերյալ քննարկումները։ Շահարկումների առիթ դարձավ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրած այն հայտարարությունը, թե մայր օրենքի նոր նախագիծն ամբողջությամբ պատրաստ կլինի 2026-ի մարտին։
Որոշ քաղաքական ու լրատվական շրջանակներ այս ժամկետը մեկնաբանեցին որպես սահմանադրական հանրաքվեի գործընթացի փաստացի մեկնարկ՝ պնդելով, թե իշխանությունը, տեղի տալով «արտաքին ճնշմանը», շտապում է փոխել սահմանադրությունը մինչև 2026-ի հունիսի խորհրդարանական ընտրությունները կամ հանրաքվեն անցկացնել ընտրությունների հետ միաժամանակ։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է՝ արդյոք գործող սահմանադրական և իրավական ընթացակարգերի պայմաններում հնարավոր է Սահմանադրության փոփոխությունը մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները կամ դրանց հետ զուգահեռ։
Ի՞նչ է նշանակում «նախագիծը պատրաստ կլինի մարտին»
Նախևառաջ հարկ է հստակեցնել, որ արդարադատության նախարարի նշած ժամկետը վերաբերում է բացառապես նախարարության կողմից նախագծի աշխատանքային տարբերակի մշակման ավարտին։ Սրբուհի Գալյանը հստակ նշել է, որ հանրաքվեի անցկացման ժամկետ դեռևս որոշված չէ, իսկ գործընթացը կկազմակերպվի խորհրդարանական ընտրություններից հետո միայն այն ժամանակ, երբ տեքստը բավարար չափով «կոմունիկացված» լինի հանրության հետ։
Դեռ 2025-ի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության հանրաքվեն պետք է տեղի ունենա 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Այսպիսով, թե՛ գործադիրի ղեկավարը, թե՛ ոլորտային նախարարը հերքել են ընտրություններին զուգահեռ կամ մինչև այդ հանրաքվե անցկացնելու մտադրությունը։
Իրավական ընթացակարգերն ընդդեմ ժամկետային շահարկումների
Գործող օրենսդրությունը և սահմանադրական ընթացակարգերը գործնականում անհնար են դարձնում հանրաքվեի անցկացումը մինչև 2026-ի ընտրությունները, քանի որ գործընթացը ենթադրում է մի շարք պարտադիր փուլերի հաջորդական իրականացում։
Ըստ վարչապետի 2022 թվականի N 111-Ա որոշման՝ մշակված տեքստը նախ պետք է քննարկվի և հաստատվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից՝ կոնսենսուսով կամ ձայների առնվազն երկու երրորդով։ Այս մարմնում ընդգրկված են ոչ միայն գործադիրի ներկայացուցիչեր, այլև մարդու իրավունքների պաշտպանը, քաղհասարակության անդամներ և ընդդիմադիր պատգամավորներ։ Վերջիններս բոյկոտում են խորհրդի աշխատանքը։
Գործող Սահմանադրությամբ՝ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնման իրավունքը վերապահված է պատգամավորների մեկ երրորդին, կառավարությանը կամ 200 հազար քաղաքացու։ Ընդ որում՝ կառավարությունը չունի հանրաքվե նշանակելու լիազորություն. այն միայն նախաձեռնում և Ազգային ժողով է ներկայացնում նախագիծը։
Հաջորդիվ, որպես ձևավորված քաղաքական և ինստիտուցիոնալ պրակտիկա, մեկնարկում են հանրային քննարկումները։ Դրան զուգահեռ՝ թեև օրենքով սահմանված չէ, սակայն նախագիծն ուղարկվում է Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու նպատակով, ինչը կարող է ամիսներ տևել։
Այնուհետև գործընթացը տեղափոխվում է Ազգային ժողով, որտեղ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով սահմանված է առավելագույնը երկամսյա ժամկետ՝ նախագիծը քննարկելու և որոշում կայացնելու համար։
Ազգային ժողովը նոր սահմանադրության նախագիծը քննարկում է երկու ընթերցմամբ։ Առաջին ընթերցումից հետո փաստաթուղթն ուղարկվում է Սահմանադրական դատարան՝ դրա համապատասխանությունը գործող Մայր օրենքին ստուգելու նպատակով։
ՍԴ-ն հարցը կարող է քննել մինչև երեք ամիս ժամկետում, որը կարող է երկարաձգվել առավելագույնը ևս երեք ամսով։ Միայն դրական եզրակացությունից հետո է հնարավոր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քվեարկության դնել հանրաքվե նշանակելու նախագիծը։
Խորհրդարանում նախագծի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը՝ 72 ձայն։ Հաշվի առնելով, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պահին ունի 69 մանդատ, նախագծի հաստատման համար պարտադիր կլինի լրացուցիչ աջակցություն ստանալ խորհրդարանական այլ ուժերից կամ անկախ պատգամավորներից։
Խորհրդարանի կողմից հանրաքվե անցկացնելու որոշումն ընդունելուց հետո գործընթացը տեղափոխվում է վերջնական փուլ։ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե, որը պետք է կայանա նշանակման օրվանից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո։ Այսպիսով, օրենքով նախատեսված է շուրջ երկու ամիս ժամկետ, այդ թվում՝ քարոզարշավի իրականացման համար։
Պարզ հաշվարկը փաստում է՝ եթե անգամ նախագիծը պատրաստ լինի 2026-ի մարտին, ապա պարտադիր բոլոր փուլերի՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հաստատման, հանրային քննարկումների, Վենետիկի հանձնաժողովի եզրակացության, ՍԴ քննության, ԱԺ ընթերցումների և քարոզարշավի հաջորդականությունը գործընթացը ժամանակային առումով տեղափոխում է առնվազն 2026 թվականի տարեվերջ։ Մինչդեռ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։
Ընտրություններ և հանրաքվե. օրենսդրական անհամատեղելիության արգելքը
Տարածված մյուս շահարկումը հանրաքվեն 2026-ի հունիսին սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ համատեղելու թեզն է։ Սակայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքն ուղղակիորեն արգելում է հանրաքվեի անցկացումն Ազգային ժողովի ընտրությունների օրը։
Տեսականորեն իշխանությունը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով փոխել օրենքը և վերացնել այս սահմանափակումը։ Սակայն գործնականում հանրաքվեի և խորհրդարանական ընտրությունների քարոզչության կանոնները, ֆինանսավորման մեխանիզմներն ու քվեարկության ընթացակարգերը էապես տարբերվում են։ Ընտրությունների ժամանակ պայքարն ընթանում է կուսակցությունների միջև, մինչդեռ հանրաքվեի դեպքում ձևավորվում են «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմեր։
Ինչ վերաբերում է արտաքին ճնշումներին, ապա Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հեռացումն իսկապես Բաքվի հիմնական պահանջներից է՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Վարչապետ Փաշինյանի կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին։ Մեկ այլ պահանջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, արդեն իսկ կատարվել է 2025-ի օգոստոսի 8-ին՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո։
Այդուհանդերձ, նոր Սահմանադրությունը չի կարող ընդունվել առանց հանրային համաձայնության։ Սահմանադրության 207-րդ հոդվածը սահմանում է, որ հանրաքվեով դրված ակտն ընդունված է համարվում, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրելու իրավունք ունեցողների մեկ քառորդը։ Սա նշանակում է, որ նոր Սահմանադրության ընդունման համար անհրաժեշտ է ապահովել շուրջ 650,000 «ԱՅՈ» ձայն՝ ներկայիս ընտրողների թվի հաշվարկով։
The post Սահմանադրական հանրաքվեի «ճանապարհային քարտեզը»․ ինչու է այն անհնար մինչև 2026-ի ընտրությունները appeared first on CIVILNET.