Ուղղված է քրեաիրավական գործիքակազմի միջոցով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետերերի կամքը վերափոխելուն

2026 թ. հունիսի 8-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Նարեկ Ամբարյանի (ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Հայկ Մովսիսյան, Արամայիս Մելքոնյան, Արսեն Հովհաննիսյան) անհատական դիմումը, որով դիմողը խնդրել է. «Ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը «համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածին»  ճանաչել ՀՀ Սահմանադրության 59-րդ և 60-րդ հոդվածներով սահմանված պահանջներին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով այդ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ «…առևտրային կամ այլ կազմակերպության բոլոր մասնակիցների «բաժնետերերի»  կողմից Սահմանադրության 59-րդ և 60-րդ հոդվածներով երաշխավորված տնտեսական  գործունեության ազատության և սեփականության հայեցողական տնօրինման շրջանակում կայացված որոշումը որակվում է որպես լիազորությունները կազմակերպության օրինական շահերին հակառակ օգտագործում՝ առանց սահմանադրորեն պաշտպանված հայեցողության սահմանն անցնելը հաստատող ինքնուրույն, հակաիրավական հատկանիշի առկայության:

Դիմողը գտնում է, որ իրեն ներկայացված մեղադրանքն ուղղված է քրեաիրավական գործիքակազմի միջոցով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետերերի կամքը վերափոխելուն, որը մի կողմից հակասում է Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված՝ տնտեսական գործունեության ազատությանը, իսկ մյուս կողմից՝ իրավունքների անարգել իրականացման և մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքներին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մաս)։

Ըստ դիմողի՝ իրեն ներկայացված մեղադրանքն իրավաչափ չի եղել, իր արարքում բացակայել է հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը, առկա է եղել քրեական հետապնդումը բացառող հանգամանք, մասնավորապես, մեղադրանքի փաստական նկարագրությունը պարունակել է միայն օրինական քաղաքացիաիրավական գործարքներ, իսկ որևէ հանցագործության դեպք դրանում նկարագրված չի եղել, սակայն ինքը գտնվել է անազատության մեջ։

ՍԴԱՈ-170 որոշմամբ գործի քննությունը ՍԴ-ն մերժեց։ Ըստ ՍԴ-ի՝ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Ռուզան Մինասյան

«Առավոտ» օրաթերթ
17.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment