Ադրբեջանը հրավիրվել է աշխարհի ամենաազդեցիկ տնտեսական և քաղաքական հարթակներից մեկին՝ G20-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի այս տարվա դեկտեմբերի 14-15-ին ԱՄՆ-ի Մայամի քաղաքում, մինչդեռ Հայաստանը հրավիրված երկրների ցանկում չկա։ Թեև երկու երկրներն էլ G20-ի անդամ չեն, այս որոշումը նոր քննարկումների առիթ է դարձել. արդյո՞ք սա պարզապես կազմակերպչական ընտրություն է, թե՞ հստակ քաղաքական ուղերձ։
Ի՞նչ կարող է նշանակել նման հրավերը Հայաստանի և Ադրբեջանի համար, և արդյո՞ք այն կարող է ազդեցություն ունենալ մեր երկրի միջազգային դիրքերի վրա։ Քաղաքագետ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ նման մակարդակի միջոցառումներին հրավիրելը կամ չհրավիրելը երբեք պատահական որոշում չէ, այլ արտահայտում է հրավիրող երկրի քաղաքական առաջնահերթությունները։
«Այդպիսի կարևոր միջոցառումներին հրավիրելը կամ չհրավիրելը սովորաբար տանտեր երկրի իրավունքն է և հիմնականում պայմանավորված է նրանով, թե ինչ կարևորություն է տրվում տվյալ պետությանը։ Սա ոչ միայն քաղաքական ժեստ է, այլ նաև ունի գործնական նշանակություն։ Պարզ է, որ Թրամփի համար Ադրբեջանի նշանակությունն անհամեմատ մեծ է, քան Հայաստանինը։ Դա պայմանավորված է թե՛ երկրի, թե՛ նրա ղեկավարի ներկայիս կարգավիճակով։ Ալիևը, ամեն դեպքում, հաղթած երկրի ղեկավար է, իսկ Հայաստանը գտնվում է թուլացած դիրքերում, և նրա հետ լուրջ հաշվարկներ չեն արվում։ Այս պահին Ալիևը կարևոր գործընկեր է թե՛ Թրամփի, թե՛ Եվրամիության համար, մինչդեռ Հայաստանը դիտարկվում է որպես տարածք կամ օժանդակ գործիք ԱՄՆ-ի և Եվրամիության համար»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ նպատակ ունեն խորացնել տնտեսական կապերը Եվրոպայի և այլ շուկաների հետ։ Այս համատեքստում հարց է առաջանում՝ արդյո՞ք G20-ի նման հարթակում Հայաստանի ներկայությունը կարող էր նպաստել այդ նպատակների իրականացմանը, և կարո՞ղ է արդյոք նման ֆորումից դուրս մնալը ազդեցություն ունենալ երկրի տնտեսական համագործակցության հնարավորությունների վրա։
Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ G20-ը միայն տնտեսական հարթակ չէ, քանի որ տնտեսական գործընթացներն անբաժանելի են աշխարհաքաղաքական շահերից։
«Ֆորմալ առումով G20-ը կարող է համարվել տնտեսական հարթակ, սակայն իրականում այն առաջին հերթին քաղաքական հարթակ է, որտեղ քննարկվում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարցեր։ Ցանկացած տնտեսական հարց, ի վերջո, բխում է աշխարհաքաղաքական շահերից։ Թրամփը լավ հասկանում է, թե ինչ ազդեցություն ունի Նիկոլ Փաշինյանը կամ այսօրվա Հայաստանը, ինչպես նաև՝ ինչ դերակատարում ունի Ադրբեջանը։ Կարելի է սահմանափակվել գլխավոր խաղացողի հրավերով և նրա հետ պայմանավորվելով՝ հասնելով ցանկալի արդյունքի՝ առանց Հայաստանի ղեկավարին հրավիրելու։ Հայաստանը նման միջոցառումներում հետաքրքիր և պահանջված գործընկեր լինելու համար նախ և առաջ պետք է կարողանա առաջ մղել իր ինքնիշխանությունը»,- եզրափակեց Հակոբյանը։
G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների ցանկը հերթական անգամ ցույց տվեց, որ նման բարձր մակարդակի հարթակներում մասնակցությունը հաճախ պայմանավորված է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու աշխարհաքաղաքական հաշվարկներով։ Այն, թե ովքեր են ստանում հրավեր, փորձագետների գնահատմամբ, արտացոլում է նաև տվյալ երկրի ներկայիս միջազգային կշիռն ու դերակատարումը։
Ալիտա Եղիազարյան