Հայաստանը «ֆինանսավորո՞ւմ» է Ադրբեջանի կարիքները

Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալով, 2026 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17,1 միլիոն դոլար արժողությամբ ապրանք։ Ըստ նույն կառույցի տվյալի, այդ ժամանակահատվածում Հայաստանից դեպի Ադրբեջան ներմուծման ծավալը կազմել է 960 դոլար։

Ի դեպ, հիշեցնեմ, որ Հայաստանի մաքսային ծառայությունը չուներ Հայաստանից արտահանման մասին տեղեկություն։ Այսինքն, հայտնի չէ, թե ինչ ապրանքի մասին է խոսքը, 960 դոլարի ի՞նչ է Հայաստանից արտահանվել Ադրբեջան։ Սակայն, անգամ, եթե համարենք, որ Հայաստանից թեկուզ 1000 դոլարի արտահանում է եղել Ադրբեջան, ապա միեւնույն է՝ ծիծաղելի է համեմատել 17,1 միլիոն դոլարը ընդամենը 1000 դոլարի հետ։

Իսկ ինչի՞ մասին է թվերի այս հարաբերակցությունը կամ պատկերը։ Իհարկե, հասկանալի է, որ խոսքը Հայաստան ուղարկվող ադրբեջանական վառելիքի մասին է։ Ընդ որում, իր ծավալներով այդ վառելիքը որեւէ ազդեցություն չունի Հայաստանի շուկայի համար՝ հաշվի առնելով այդ շուկայի սպառման ծավալները։ Եվ հասկանալի է, որ այդ ամենը ոչ թե տնտեսական տրամաբանության, այլ բոլորովին այլ համատեքստ ունեցող հարց է։ Պատկերը իրական գետնի վրա այն մասին է, որ Հայաստանը 17,1 միլիոն դոլարով ըստ էության ֆինանսավորել է Ադրբեջանի տնտեսությունը։ Իսկ Ադրբեջանը Հայաստանի տնտեսությանը «տրամադրել» է ընդամենը 1000 դոլար։ Սա կլիներ ծիծաղելի, եթե խոսքը չվերաբերեր լրջագույն միտումների, որ ծավալվում են իբրեւ հայ–ադրբեջանական տնտեսական կոմունիկացիայի անվան տակ։ Գործնականում, ինչպես արտացոլում է վիճակագրական պատկերը, գործ ունենք ոչ թե տնտեսական կոմունիկացիայի ձեւավորման, այլ դրա անվան տակ՝ Հայաստանի տնտեսությունն ադրբեջանական կցորդի վերածելու գործընթացի հետ։

17,1 միլիոնը 1000 դոլարի դիմաց հարաբերակցությունը սկիզբն է միայն, այսպես ասած՝ հանրային տրամադրությունների, բիզնես տրամադրությունների, ընկալումների սոցիալ–հոգեբանական ադապտացիայի փուլը, կամ ինչպես ասում են՝ թեստավորումը։ Երբ արդյունքը լինի կայուն–գոհացուցիչ, ապա ծավալներն իհարկե ուժգնանալու են, եւ իհարկե մեծանալու է տարբերությունը։

Գործնականում այլ կերպ լինել չի էլ կարող՝ դժբախտաբար։ Որովհետեւ, եթե Հայաստանի պետական քաղաքականությունը ռազմաքաղաքական առումով է վերածվում ադրբեջանական ռազմավարության կցորդի, ապա տնտեսությունը ոչ միայն չի կարող մնալ դուրս, այլ պարզապես սպասում է իր հերթին, որն արդեն մոտենում է աստիճանաբար։

Ու հարցն այստեղ ամենեւին լոկ բարոյական կողմը չէ, թեեւ դա ինքնին կարեւորագույն ասպեկտ է, որովհետեւ պետական քաղաքականությունը որեւէ պարագայում վերածվում է դեկորացիայի, երբ զրկվում է բարոյական ողնաշարից։ Բայց, ըստ էության, դրված է Հայաստանը նաեւ տնտեսական ողնաշարից զրկելու խնդիր։ Ընդ որում, այդ խնդրի առկայության մասին վկայում են նաեւ Հայաստանի ներսում տեղի ունեցող պրոցեսները, երբ տնտեսությունը, տնտեսական կատեգորիաները դրվում են կառավարող կոնյունկտուրայի զոհասեղանին։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment