Maison Francis Kurkdjian-ի հիմնադիր Ֆրենսիս Քուրքջյանը հայտնել է, որ իրեն շնորհվել է Պատվո լեգեոնի ասպետի կոչում՝ Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգև:
«Խորին երախտագիտությամբ իմացա, որ արժանացել եմ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետի (Chevalier de la Légion d’honneur) կոչմանը։
Այս պարգևը մեծ պատիվ եմ համարում և այսօր այն կիսում եմ բոլոր նրանց հետ, ովքեր տարիների ընթացքում եղել են իմ կողքին։
Այս գնահատականը նաև ոգեշնչում է ինձ շարունակել «PerFumum» հիմնադրամի գործունեությունը՝ ի սպաս օծանելիքի արվեստի և դրա ժառանգության պահպանման, ինչպես նաև «Francis Kurkdjian» հիմնադրամի առաքելությունը, որն աջակցում է բազմազանությանը և մշակույթից հեռու գտնվող հանրության համար մշակույթն ավելի հասանելի դարձնելուն:
Վերջում հուզմունքով հիշում եմ իմ տատիկին ու պապիկին՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածներին, որոնք ապաստան գտան Ֆրանսիայում։ Նրանց քաջությունը, իրենց նոր հայրենիքի նկատմամբ ունեցած վստահությունը և այն արժեքները, որոնք նրանք փոխանցեցին ինձ, այս պարգևին առանձնահատուկ խորհուրդ են հաղորդում։
Շնորհակալ եմ այս գնահատանքի, ինչպես նաև բարեհամբույր ու ջերմ բազմաթիվ ուղերձների համար, որոնք խորապես հուզեցին ինձ», – ինստագրամյան իր էջում գրել է հայազգի օծանելիքագործը։
Լուսանկարը՝ Ֆրենսիս Քուրքջյանի ինստագրամյան էջից (by Laurent Humbert Photographer)
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: