Տեր ենք կանգնելու մեր ձայնին. արտերկրի ՀՀ քաղաքացիներն աշխատանքային խումբ են ստեղծել

Բաժանորդագրվել

ՔՊ-ն միանձնյա օրենք է ընդունել, ըստ որի ընտրական իրավունքից զրկվում են ՀՀ այն քաղաքացիները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանից բացակայել են ավելի քան մեկ տարի։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները տեր են կանգնելու իրենց ընտրական իրավունքին և ձայնին՝ անկախ իրենց գտվելու վայրից: Այս մասին հայտնել է հասարակական գործիչ Դավիթ Իշխանյանը՝ վկայակոչելով արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին:

Նշենք, որ հուլիսի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա փոփոխություն է կատարել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում՝ ընտրական իրավունքից զրկելով ՀՀ այն քաղաքացիներին, որոնք վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանից բացակայել են ավելի քան մեկ տարի։

«Օրենքի փոփոխությունը հակասահմանադրական է, ընդունվել է առանց հանրային քննարկման՝ Հայաստանի ընտրողների ձայները ոտնահարած մեկ ուժի քմահաճույքով: Ավելին՝ քաղաքացիների մի խմբի ընտրելու իրավունքից զրկելը հակաժողովրդավարական է և խտրական։ Սա պարզապես մեկ ուժի վերարտադրմանը և հայեցողությունն իրականացնելուն է նպաստում»,- ասված է հայտարարությունում:

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները վստահեցնում են՝ լիովին ներգրավված են Հայաստանի քաղաքացիական և քաղաքական կյանքում, չեն հրաժարվել իրենց քաղաքացիությունից և կապից Հայաստանի հետ: Պնդում են՝ որևէ մեկն իրավունք չունի իրենց զրկել ընտրական իրավունքից:

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են անում արտերկրում և Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացիներին` միանալու և թույլ չտալու, որ այս օրենքն իրականություն դառնա:

Նրանք շեշտել են, որ հաջորդ ընտրություններին անպայման գալու են ու կատարեն իրենց ընտրությունը:

Leave a comment