Ո՞վ է վերահսկելու TRIPP-ի «տեղանքը»

Ինչպե՞ս են համադրվելու՝ ԱՄՆի նախաձեռնությունը, ՀՀ իրավազորությունը եւ ՌԴ ներկայությունը

 

Ուսումնասիրել են «TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի եւ այլ ենթակառուցվածքների ձեւավորման նպատակով»

Անցյալ շաբաթ ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության թիմը Հայաստանում ուսումնասիրել է TRIPP-ի տեղանքը՝ երկաթուղու եւ այլ ենթակառուցվածքների նախագծման նպատակով, հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ «AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի եւ այլ ենթակառուցվածքների ձեւավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը եւ տարածաշրջանային ինտեգրմանը», նշվել էր դեսպանատան հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր ընդունել ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան ժամանած AECOM-ի թիմին, նրանք պայմանավորվել էին մեկնարկել TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները:

Ամերիկյան կողմերի այցերի փաստերն ինքնին հուշում են, որ մեկնարկել է TRIPP-ի իրագործման նպատակով ուսումնասիրության աշխատանքները։

Բայց կա մի ուշագրավ հանգամանք։ Երկու շաբաթ առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը RTVI-ին տված հարցազրույցում մի հետաքրքրական արձանագրում էր արել։ Երբ Գալուզինը նշել էր, թե TRIPP-ը կարող է արդյունավետ իրականացվել միայն Ռուսաստանի մասնակցությամբ, եւ Մոսկվայի կարծիքը պետք է հաշվի առնվի, նա նաեւ հավելել էր հետեւյալը. «…Եվ, ի վերջո, «Թրամփի ուղին» անցնելու է տարածքով, որտեղ տասնամյակներ շարունակ ռուս զինվորներն են իրենց հայ գործընկերների հետ պահպանում Հայաստանի սահմանը Թուրքիայի եւ Իրանի հետ»։

Հիմա «տեղանքը», որտեղ ամերիկյան կողմն իրականացրել է ուսումնասիրություններ, դեսպանատան հաղորդագրության մեջ նշված չէ։

TRIPP-ի վերաբերյալ պաշտոնական ձեւակերպումների մասով՝ այսքանը պարզ է, որ այն ապահովելու է Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ ՀՀ տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն։ Այսինքն, որ TRIPP-ով նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության ապահովում։ Նշվել էր. «Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ եւ ստեղծելով Տրանս-Կասպյան առեւտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ TRIPP-ը միջազգային եւ ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար»։

Հիմա, հետաքրքիր է, ամերիկյան կողմը՝ AECOM-ի թիմը, ռուսական կողմի հե՞տ է այդ «տեղանքը» ուսումնասիրել։ Չէ՞ որ TRIPP-ը պետք է անցնի նախկին երկաթգծի ուղով, այսինքն, TRIPP-ի տեղանքը` հենց երկաթգիծն է, այլ տեղանք, կարծես թե, չկա, իսկ երկաթգիծն անցնում է սահմանո՞վ, որտեղ կանգնած է ռուսական կողմը։

Եվ ընդհանրապես, ի՞նչ կարծիք ունեն Հայաստանի իշխանությունները Գալուզինի նշյալ ձեւակերպման հետ կապված, թե՝ «Թրամփի ուղին» անցնելու է այն տարածքով, որը ռուսներն են վերահսկում…

 

«TRIPP-ը պահպանում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ իրավազորությունը». Պետդեպ

 

Սահմանային անվտանգության եւ մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո, TRIPP երթուղում ԵԱՏՄ կարգավորումների մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել են ԱՄՆ պետդեպարտամենտից:

Օրերս Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջեւանին կապող TRIPP-ը գործելու է ԵԱՏՄ տարանցման կանոնակարգերին համապատասխան: «Ազատությունը» պետդեպարտամենտից հետաքրքրվել էր, թե արդյոք Միացյալ Նահանգները, որպես TRIPP-ի մասնակից, համաձայնե՞լ է, որ տարանցիկ երթուղին գործի ԵԱՏՄ կարգավորող շրջանակի ներքո եւ արդյոք TRIPP-ի շրջանակներում մաքսային տարանցման ընթացակարգերը կարգավորվելու են ԵԱՏՄ կանոնակարգերով, եւ եթե այո, ապա այս հարցի շուրջ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ արդեն իսկ կա՞ փոխըմբռնում կամ համաձայնություն:

Պետդեպից հակիրճ պատասխանել են հետեւյալը. «TRIPP-ը պահպանում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ իրավազորությունը: Սահմանային անվտանգության եւ մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո, Հայաստանի իշխանություններն են իրականացնում վերահսկողությունն ու կայացնում առանցքային որոշումները»:

Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէր հերքել, որ ճանապարհով անցնող-դարձողների առերես սպասարկումը, այսինքն՝ շփումը, կարող է նաեւ երրորդ երկրի օպերատորի պատվիրակվել: Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները՝ նույնպես:

«Ազատության» մյուս հարցը, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները նախատեսում է որեւէ փոփոխություն գործող կարգավորող շրջանակում կամ տարանցման առանձին կանոնների ներդրում TRIPP-ի համար, Պետդեպը անպատասխան է թողել:

Իսկ արդյոք Վաշինգտոնը սա քննարկե՞լ է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ հարցին ի պատասխան, Պետդեպի խոսնակը միայն հայտնել է, թե Վաշինգտոնը շարունակում է աշխատել Ադրբեջանի կառավարության հետ Ռազմավարական գործընկերության փաստաթղթում ամրագրված առաջնահերթ ուղղությունների շուրջ, ներառյալ՝ տարածաշրջանային փոխկապակցվածությունը, տնտեսական ներդրումները, էներգետիկան, անվտանգության ոլորտում համագործակցությունը եւ արհեստական բանականությունը: 

Անորոշություններ «TRIPP»-ի «տեղանքի» շուրջ 

Այսպիսով, TRIPP-ի իրագործման շուրջ ձեւավորվող քաղաքական, իրավական եւ գործնական անորոշություններ են։ Մի կողմից արձանագրվում է, որ ամերիկյան AECOM ընկերությունը սկսել է նախագծի ենթակառուցվածքների ուսումնասիրությունը, ինչը վկայում է ծրագրի գործնական փուլ անցնելու մասին։ Մյուս կողմից, ԱՄՆ Պետդեպարտամենտի պարզաբանումները շեշտում են, որ TRIPP-ը պետք է գործի Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության լիարժեք պահպանման պայմաններում, իսկ սահմանային եւ մաքսային բոլոր գործառույթները մնան Հայաստանի վերահսկողության ներքո։

Այնուամենայնիվ, նկատելի է, որ ծրագրի առանցքային հարցերը շարունակում են մնալ բաց։ Առաջին հերթին, անորոշ է, թե ինչ տարածքով է իրականացվում նախագծային ուսումնասիրությունը եւ ինչպիսի գործնական պայմաններում է այն ընթանում։ Այս հարցը առավել զգայուն է դառնում Ռուսաստանի փոխարտգործնախարարի հայտարարության ֆոնին, ըստ որի՝ «Թրամփի ուղին» անցնելու է այն տարածքով, որտեղ երկար տարիներ սահմանապահ ծառայություն են իրականացրել ռուսական ուժերը։ Եթե այդ գնահատականը համապատասխանում է նախագծի իրական երթուղուն, ապա առաջանում է հարց, թե ինչպես են համադրվելու ամերիկյան նախաձեռնությունը, Հայաստանի իրավազորությունը եւ Ռուսաստանի ներկայությամբ պայմանավորված իրողությունները։

Միաժամանակ, Վաշինգտոնը հրապարակայնորեն վերահաստատում է Հայաստանի վերահսկող դերը, սակայն խուսափում է պատասխանել մի շարք սկզբունքային հարցերի։ Մասնավորապես, անպատասխան են մնում TRIPP-ի կարգավորող իրավական շրջանակի, ԵԱՏՄ կանոնակարգերի կիրառման ծավալի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ այդ հարցերի շուրջ հնարավոր համաձայնությունների վերաբերյալ հարցադրումները։ Սա եւս փաստում է այն մասին, որ նախագծի իրավական եւ կառավարման մոդելը դեռեւս ամբողջությամբ հստակեցված չէ։

Լրացուցիչ անորոշություն է ստեղծում նաեւ այն հանգամանքը, որ հայկական կողմը չի բացառել առանձին գործառույթների պատվիրակումը երրորդ երկրի օպերատորին։ Թեեւ ԱՄՆ Պետդեպարտամենտը շեշտում է, որ առանցքային որոշումները կմնան Հայաստանի իրավասության ներքո, գործառույթների հնարավոր պատվիրակումը կարող է առաջացնել նոր հարցեր պատասխանատվության բաշխման, վերահսկողության մեխանիզմների եւ նախագծի իրական կառավարման վերաբերյալ։

Այսպիսով, անհայտ են նախագծի տեխնիկական մանրամասները, երթուղու վերջնական տարբերակը, ներգրավված կողմերի լիազորությունների սահմանները եւ տարբեր դերակատարների միջեւ ձեռք բերված հնարավոր պայմանավորվածությունները։ Հիմնական հարցադրումները վերաբերում են նախագծի իրականացման պայմաններին, արտաքին դերակատարների մասնակցության ձեւաչափին, իրավական կարգավորման մեխանիզմներին եւ Հայաստանի ինքնիշխան վերահսկողության գործնական ապահովմանը, որոնց վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը դեռեւս ամբողջական պատասխաններ չի տալիս։ 

Ամփոփումը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment