Ովքե՞ր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից․ ո՞րն է պայմանը

Հայաստանում նախատեսվում է 21 քաղաքացու պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տրամադրել՝ աշխարհի լավագույն համալսարաններում ուսումն ավարտելուց հետո Հայաստանում առնվազն երեք տարի աշխատելու պայմանով։

Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակած կառավարության որոշման նախագծի հիմնավորումը, որով առաջարկվում է տարկետում տրամադրել Շանհայի վարկանիշավորման աշխարհի լավագույն համալսարանների առաջին հնգյակում ընդգրկված բուհերում կրթություն ստացած և սահմանված պահանջներին համապատասխանող քաղաքացիներին։

Ինչո՞վ է պայմանավորված տարկետման տրամադրման անհրաժեշտությունը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրել աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման՝ Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հնգյակում ընդգրկված բուհերում սովորող քաղաքացիներին։

Տարկետում կարող է տրամադրվել նաև ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում՝ կառավարության սահմանած ոլորտներում աշխատելու համար։

Նշված կարգավորումների նպատակն է հնարավորություն տալ լավագույն համալսարաններում կրթություն ստացած մասնագետներին իրենց գիտելիքներն ու կարողություններն օգտագործել Հայաստանի զարգացման համար։

Ո՞ր ոլորտներում պետք է աշխատեն քաղաքացիները

Կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ ուսումն ավարտելուց հետո Հայաստանում աշխատելու պարտավորությունը կարող է կատարվել մի շարք ոլորտներում։

Մասնավորապես, դրանք են՝

հանրային կառավարման համակարգը,

կրթության և գիտության ոլորտները,

ռազմարդյունաբերությունը,

բարձր տեխնոլոգիաների ոլորտը,

արդյունաբերությունը, այդ թվում՝ գյուղմթերքի արտադրությունն ու հանքարդյունաբերությունը,

առողջապահությունը,

ֆինանսական ոլորտը։

Յուրաքանչյուր ոլորտի համար սահմանված են նաև համապատասխան կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու պայմաններ։ Մասնավորապես, որոշ ոլորտներում պահանջվում է կազմակերպության գործունեության որոշակի տևողություն և աշխատակիցների նվազագույն թվաքանակ։

Քանի՞ քաղաքացի է դիմել տարկետում ստանալու համար

Հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի հոկտեմբերին ԿԳՄՍ նախարարություն են դիմել 21 քաղաքացիներ՝ 2026 թվականի ձմեռային զորակոչից տարկետում ստանալու նպատակով։

Ներկայացված դիմումների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բոլոր 21 քաղաքացիների փաստաթղթերը համապատասխանում են սահմանված պահանջներին։

Տարկետումը տրամադրվում է կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարության ներկայացմամբ։

Ո՞ր ժամկետից կգործի կարգավորումը

Նախագծով առաջարկվում է տարկետում տրամադրել 2026 թվականի ձմեռային զորակոչից՝ օրենքով և կառավարության սահմանած կարգով նախատեսված պայմանների պահպանմամբ։

Տարկետման հիմքը ոչ թե պարտադիր զինվորական ծառայությունից ամբողջությամբ ազատվելն է, այլ ծառայության ժամկետի հետաձգումը՝ ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանում սահմանված ոլորտներում աշխատելու պայմանով։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝

ապահովել աշխարհի առաջատար համալսարաններում կրթություն ստացած մասնագետների վերադարձը Հայաստան,

նպաստել նրանց գիտելիքների և մասնագիտական կարողությունների կիրառմանը Հայաստանի տնտեսության և պետական կառավարման տարբեր ոլորտներում,

խրախուսել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումը կառավարության սահմանած ոլորտներում,

նպաստել մարդկային կապիտալի զարգացմանն ու երկրի մրցունակության բարձրացմանը։

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Leave a comment