«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ին կայացված պաշտոնական որոշման մեջ հրապարակված ընտրական ամփոփ տվյալների թվաբանական համադրությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ առկա են մի շարք էական թվային անհամապատասխանություններ։
«Ուսումնասիրելով դիմումները, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների, հարակից պատասխանողների ներկայացուցիչների, երրորդ անձի բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը և նյութերը՝ Սահմանադրական դատարանը Պ Ա Ր Զ Ե Ց» նախադասությունից հետո ՍԴ-ն ներկայացրել է թվեր, որոնց համաձայն՝ հազարավոր քվեարկողների վերաբերյալ կտրոնների հաշվառումը չի համընկնում։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ, բացի այդ, հատկացված և հաշվառված համարակալված կտրոնների միջև կա տարբերություն, իսկ օգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների թիվը գերազանցում է քվեարկության մասնակիցների թվին։ Ընդ որում, այս հաշվարկներից ստացվող ընդհանուր տարբերությունը չի համընկնում հենց Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված «անճշտությունների գումարային չափի» հետ։
Այսպիսով, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված տվյալների համաձայն՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2,503,990, իսկ քվեարկությանը մասնակցել է 1,476,769 ընտրող։
Նույն որոշման համաձայն՝ ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը եղել է 1,470,790, իսկ համարակալված քվեարկության կտրոններինը՝ 2,298։ Այս երկու ցուցանիշների գումարը կազմում է 1,473,088, ինչը համապատասխանում է որոշման մեջ առանձին նշված «ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվ» ցուցանիշին։
Սակայն այստեղ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հաշվարկի, առաջանում է առաջին անհամապատասխանությունը։ Եթե քվեարկությանը մասնակցել է 1,476,769 ընտրող, իսկ ստացված կտրոնների ընդհանուր թիվը կազմում է 1,473,088, ապա տարբերությունը կազմում է 3,681։ Այսինքն՝ որոշման մեջ հրապարակված տվյալներով՝ 3,681 մասնակցի համար համապատասխան կտրոն չի հաշվառվել։ Այդ դեպքում ինչպե՞ս է կազմակերպվել քվեարկությունը։
Երկրորդ անհամապատասխանությունը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հաշվարկի, վերաբերում է համարակալված քվեարկության կտրոններին։ Որոշմամբ արձանագրված է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվել է 204,000 համարակալված կտրոն։ Միաժամանակ նշվում է, որ ընտրողներից ստացվել է 2,298 համարակալված կտրոն, իսկ 202,121 համարակալված կտրոն մնացել է չօգտագործված։ Այս երկու թվերի գումարը կազմում է 204,419, մինչդեռ հատկացված կտրոնների ընդհանուր թիվը եղել է 204,000։ Ստացվում է, որ հաշվեկշռում առաջանում է 419 կտրոնի անհամապատասխանություն, այսինքն՝ հաշվառված օգտագործված և չօգտագործված կտրոնների ընդհանուր թիվը 419-ով գերազանցում է հատկացված քանակը։
Երրորդ անհամապատասխանությունը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, վերաբերում է ինքնասոսնձվող դրոշմանիշներին։ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվել է 2,605,100 ինքնասոսնձվող դրոշմանիշ, որոնցից 1,127,734-ը մնացել է չօգտագործված։
Այս տվյալներից հետևում է, որ օգտագործվել է 1,477,366 դրոշմանիշ։
Սակայն նույն որոշմամբ արձանագրված է, որ քվեարկությանը մասնակցել է 1,476,769 ընտրող։ Այսինքն՝ օգտագործված դրոշմանիշների թիվը 597-ով ավելի է, քան քվեարկության մասնակիցների թիվը։ Որտե՞ղ են օգտագործվել դրանք, ինչպե՞ս և ո՞ւմ կողմից՝ պարզ չէ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: