Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանն անդրադարձավ միջազգային պատժամիջոցների՝ Հայաստանի բանկային համակարգի վրա ունեցած ազդեցությանը և արցախցիների հիփոթեքային վարկավորման խնդիրներին։

Անդրադառնալով միջազգային պատժամիջոցների ազդեցությանը՝ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ Հայաստանի բանկային համակարգը գործում է տարբեր երկրների սահմանած պատժամիջոցների պայմաններում և փորձում է պահպանել միջազգային լավագույն չափանիշները։

«Մեր բանկային համակարգը աշխատում է տարբեր երկրների սանկցիաների համադրման ներքո… Հայաստանի ֆինանսական համակարգը փորձում է աշխատել լավագույն ընդունված նորմերին ու չափանիշներին համապատասխան… Ամերիկյան և եվրոպական սանկցիոն ցուցակներում գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիավորված են, ու դա մեզ համար լրջագույն խնդիրներ է ստեղծում»,- նշեց Գալստյանը։

ԿԲ նախագահն ընդգծեց, որ պատժամիջոցների հետևանքով Հայաստանի ֆինանսական համակարգի համար առաջացել են լուրջ դժվարություններ, սակայն Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի աշխատանքի շնորհիվ հաջողվել է խուսափել Հայաստանի ֆինանսական համակարգի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից։

«Հենց մեր վրա սանկցիա չի եղել որևէ կերպ… Մենք ունենք մեր երկրի շահերը պաշտպանելու առաքելություն»,- ասաց Գալստյանը։

Արձագանքման ընթացքում Արեգա Հովսեփյանը բարձրացրեց նաև արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկերի բարձր տոկոսադրույքների հարցը։ Նա նշեց, որ բնակարանների ձեռքբերման հավաստագրեր ստացած բազմաթիվ արցախցիներ ստիպված են լինում հավելյալ վարկային միջոցներ ներգրավել, որոնց տոկոսադրույքները հասնում են 13-14 տոկոսի։

«Բազմաթիվ արցախցիներ, ովքեր որ իրացնում են հավաստագրով… ստիպված են լինում դիմել հավելյալ հիփոթեքային միջոցների, և այդ դեպքում տոկոսը կազմում է 13-ից 14%: Մենք դիմել էինք առաջարկությամբ, որպեսզի այս տոկոսադրույքը իջնի… Ի՞նչն է խնդիրը, ո՞րն է հիմնավորումը, որ նրանք չեն կարողանում օգտվել ավելի նվազ տոկոսադրույքով հիփոթեքային միջոցներից»,- հարցրեց Հովսեփյանը։

Արձագանքելով հարցին՝ Մարտին Գալստյանը պարզաբանեց, որ բնակարանային աջակցության ծրագրերի պայմաններն ու չափորոշիչները սահմանվում են Կառավարության կողմից, իսկ բանկերը հանդես են գալիս որպես այդ ծրագրերն իրականացնող կառույցներ։

«Ծրագրերի դիզայնն արվում է Կառավարության կողմից, բանկային համակարգը հանդիսանում է ծրագրի իրագործող… Կան սահմանված կրիտերիաներ, եթե մարդիկ ընկնում են դրանց տակ, կարող են օգտվել»,- պատասխանեց ԿԲ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment