Ուխտագնացություն Գուգարաց թեմ

Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայրական օրհնությամբ և նախանձախնդրությամբ տարիներ շարունակ և առավեապես վերջին տարիներին թեմի երիտասարդաց միությունները ապրում են ակտիվ հոգևոր կյանքով՝ զորանալով հավատքի մեջ և իրենց ուխտագնացություններով ու նախաձեռնություններով ամրապնդում եկեղեցական կյանքը։

Թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյան օրհնությամբ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության անդամները, հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանի առաջնորդությամբ, ուխտագնացություն կատարեցին Գուգարաց թեմ։

Ուխտագնացությունն սկսվեց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ հանդիպմամբ, որի ընթացքում երիտասարդներն արժանացան Սրբազան Հոր հայրական օրհնությանը և հոգևոր խրատներին։

Այնուհետև ուխտավորները շարունակեցին իրենց հոգևոր ճանապարհը՝ այցելելով Գուգարքի պատմական սրբավայրերը։

Եղան Քոբայրի, Հաղպատի և Սանահինի վանական համալիրներում, ինչպես նաև Ախթալայի և Օձունի վանքերում։ Յուրաքանչյուր սրբավայր իր դարավոր պատմությամբ, ճարտարապետական վեհությամբ և աղոթական մթնոլորտով հիշեցնում է մեր ժողովրդի անսասան հավատքի և քրիստոնեական հարուստ ժառանգության մասին։

Օձունի վանքում ուխտավորներին սիրով դիմավորեց տեղի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Շահվերդյանը, որը ներկայացրեց սրբավայրի պատմությունն ու հոգևոր նշանակությունը՝ պատգամելով երիտասարդներին հավատարիմ մնալ Սուրբ Եկեղեցուն, ապրել քրիստոնեական արժեքներով և շարունակել իրենց ծառայությունը հավատքով ու նվիրումով։

Ուխտագնացության ընթացքում երիտասարդները խոնարհվեցին Սուրբ Հովհան Օձնեցու գերեզմանի առջև՝ աղոթելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, հայրենիքի խաղաղության, ժողովրդի բարօրության, աշխարհասփյուռ հայության, Հայոց Հայրապետի, սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, գերեվարված մեր զավակների համար:

Թող սրբավայրերում բարձրացած աղոթքները բարեխոսություն լինեն մեր ժողովրդի, հայրենիքի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար, իսկ ուխտագնացության ընթացքում ստացած օրհնությունը զորացնի մեր երիտասարդներին:

Արագածոտնի թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment