Քնի խանգարում, ագրեսիվ վարքագիծ. ծնողի ազատ ժամանակը՝ երեխայի առողջության գնով. ինչի կարող է հանգեցնել հեռախոսից կախվածությունը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Անհանգստություն, նյարդային վիճակ, քնի խանգարում, ագրեսիվ վարքագիծ. ահա թե երեխաների մոտ ինչի կարող է հանգեցնել հեռախոսից կախվածությունը: Հոգեբան Վարդուհի Բզնունին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց, որ հեռախոսից կախվածությունը կարող է ազդել ինչպես երեխայի հոգեկան առողջության, այնպես էլ վարքի, ուսման և սոցիալական հարաբերությունների վրա:
«Հեռախոսները և թվային տեխնոլոգիաները դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասը, սակայն երբ դրանց օգտագործումը դուրս է գալիս առողջ սահմաններից, կարող է վերածվել կախվածության: Երբ երեխայի ձեռքից հեռախոսը վերցնում են, նա կարող է դառնալ անհանգիստ, զայրանալ և նույնիսկ լաց լինել: Ուշ ժամերին հեռախոսի օգտագործումը դժվարացնում է քուն մտնելը, դա հանգեցնում է հոգնածության և դյուրագրգիռ վիճակ է ստեղծում երեխայի մոտ: Նա սկսում է ավելի քիչ ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների, ընկերների հետ, որն էլ բերում է սոցիալական մեկուսացման: Կարող է ազդել նաև հուզական ֆոնի վրա, երեխայի մոտ տրամադրության հաճախակի փոփոխություն կարող է տեղի ունենալ, ընկճախտ, ինչպես նաև կարող է ազդել ինքնագնահատականի վրա: Կարող է հանգեցնել նաև դասերի նկատմամբ հետաքրքրության պակասի, տնային աշխատանքների անտեսման»,-ասաց նա:
Հոգեբանի խոսքով՝ հեռախոսային կախվածությունը չի կարող առաջացնել մտավոր հետամնացություն, ծայրահեղ դեպքում կարող է լինել, երբ դա դառնում է հիվանդագին, ինչպես նաև ունենում է գենետիկ տրամադրվածություն: Ըստ նրա՝ դա կարող է ազդել նաև առողջության վրա՝ տեսողական, մկանային, հենաշարժողական խնդիրներ, ոչ ճիշտ կեցվածքի ձևավորում և այլն:
Անդրադառնալով ծնողի դերին և այն հարցին, թե շատ դեպքերում ծնողներն ազատ ժամանակ ունենալու համար են հեռախոսը տալիս երեխային՝ Վարդուհի Բզնունին նշեց. «Նախադպրոցական տարիքում, երբ երեխայի խոսքը, մտավոր ունակությունները նոր ձևավորվում են՝ առաջնային տեղում ծնողի դերն է: Ինքնին հեռախոսից օգտվելը վատ սովորություն չէ, բայց երբ կարողանում ենք դա ճիշտ և գրագետ օգտագործել, այստեղ ծնողը պետք է պատասխանատու վարքագիծ դրսևորի: Երբ դեռահասության շրջանում սկսվում է երեխաների հասունացումը, իրենք արդեն շատ տեղեկություններ փորձում են գտնել այլ աղբյուրներից, շատերը չեն ուզում օրինակ՝ ծնողների հետ տվյալ թեմայի շուրջ զրուցել և այդ ինֆորմացիան փորձում են ստանալ համացանցից, տվյալ պարագայում, երբ չի վերահսկվում համացանցը, ինքնին երեխան դառնում է համացանցի զոհը՝ օգտվելով այնպիսի ինֆորմացիայից, որը տվյալ տարիքային շրջանում ոչ միայն երեխային հարկավոր չէ, այլև կարող է մինչև անգամ սթրեսի հանգեցնել»:
Հոգեբանը նշեց, որ երբ իրավիճակը սրվում է և դուրս է գալիս ծնողի վերահսկողությունից, պետք է դիմել մանկական հոգեբույժի:
Հարցին, թե արդյոք կարելի է երեխաներին ընդհանրապես զրկել հեռախոսից օգտվելուց՝ նա նշեց. «Ներկայիս ժամանակներում չենք կարող երեխաներին լիովին սահմանափակել, որպեսզի նրանք չօգտվեն հեռախոսից կամ մուտք չգործեն համացանց: Երբ երեխան արդեն կախվածության ճանապարհին է, եթե նրան լրիվ արգելեն, այդպիսով պատճառ կստեղծեն, որպեսզի նրա մոտ իրավիճակը սրվի և նա ավելի մեծ ընկճախտի մեջ ընկնի: Պարզապես հարկավոր է հետևողական լինել և չթողնել, որպեսզի իրավիճակն այդ կետին հասնի»:
Թե ինչ կարելի է դիտել հեռախոսով՝ հոգեբանը նկատեց. «Նախադպրոցական տարիքում մուլտֆիլմ դիտել կարելի է մայրենի լեզվով, բայց պետք է հասկանալ՝ ինչքան ժամանակով: 15-20 րոպեից ավել, երբ երեխան օգտագործում է հեռախոսը, հեռուստացույցը և օրինակ՝ մուլտֆիլմ է դիտում, արդեն անհանգստանալու կարիք կա: Այստեղ կարևոր է ծնողի ներգրավվածությունը, նրա զուգահեռ խոսքը, քննարկումը: Կան ուսուցողական և ագրեսիա առաջացնող մուլտֆիլմեր: Ծնողը պետք է կարողանա տարբերակել՝ որն է իր երեխայի համար ավելի օգտակար: Հաճախ երբ ուսումնասիրում ենք այն երեխաներին, ովքեր անհնազանդ, կռվարար են, երբ հետո վերլուծում ենք, թե ինչ մուլտֆիլմեր են նայել, պարզ է դառնում՝ որ հենց դա է նման վարքի պատճառը»:
Մասնագետը նշեց, որ մինչև 2 տարեկանը խորհուրդ չի տրվում երեխային տալ սմարթֆոն, պլանշետ կամ այլ էկրանային սարք ժամանցի նպատակով. «Այս տարիքում երեխայի ուղեղը շատ արագ է զարգանում և նրան անհրաժեշտ է կենդանի շփումը: Մինչև 3-4 տարեկանն այն ժամանակահատվածն է, երբ երեխան արագ վերցնում է ինֆորմացիան, այս ժամանակ պետք է շատ ուշադիր լինել: 3 տարեկանից հետո սահմանափակումով կարող է օգտվել հեռախոսից՝ բայց ծնողի վերահսկողության ներքո»: