«Մարդիկ սկսել են ավելի շատ ծաղիկ նվիրել իրար»․ Փաշինյանը՝ լոլիկի և ծաղկի՝ ոչ սեզոնային գնանկման առիթով

«Հունիս ամսվա ընթացքում արտահանողների նկատմամբ պարտավորությունների կատարման նպատակով անհրաժեշտ է փոխհատուցել 3 միլիարդ 140 միլիոն դրամ»,- ՀՀ կառավարության նիստի ընթացքում արտահանման աջակցության ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա հայտնեց, որ հունիս ամսվա ընթացքում ՀՀ-ից արտահանվել է 784 տոննա պղպեղ, 208 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, մոտ 3000 տոննա ծիրան, 1400 տոննա կեռաս։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «3 միլիարդ՝ մեկ ամսվա ընթացքում նշանակում է, որ արտահանումը էական ծավալներ է ձեռք բերում»։

Գևորգ Պապոյանը հայտնեց, որ հունիս- հուլիսին ՀՀ-ից միրգ արտահանվել է 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր և բանջարեղեն 8 երկիր։

Նաև նշեց, որ լոլիկի և ծաղկի՝ ոչ սեզոնային գնանկում ունենք և երբ ուզում էր ասել, որ այստեղ էլ մի լավ միտում կա, Նիկոլ Փաշինյանը ծիծաղով արձագանքեց․ «Մարդիկ սկսել են ավելի շատ ծաղիկ նվիրել իրար»։

Խոսելով ծիրանի՝ եվրոպական տարբեր երկրներ արտահանման ծավալների ավելացման մասին՝ Գևորգ Պապոյանն ասաց․ «Եթե հունիսին ծիրանի արտահանումը մոտ 3000 տոննա է եղել, հուլիսի դրությամբ 5400 տոննայի ենք հասել»։

ՀՀ կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment