ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը
Տավուշի մարզում, մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, հանդիպեցի զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող 30-ից ավելի գործարարների հետ։
Հանդիպմանը ներկա էին նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Իջևան և Դիլիջան համայնքների ղեկավարներ Արթուր Ճաղարյանն ու Դավիթ Սարգսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026 – 2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը ուղենիշային փաստաթուղթ է առաջիկա 5 տարիների զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար։
Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականությունը միտված է ստեղծել կայուն և բարձրարժեք զբոսաշրջային ոլորտ, որը կնպաստի բնակչության կենսամակարդակի բարելավմանը, ինչպես նաև կդիրքավորի Հայաստանը համաշխարհային շուկայում որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ, կայուն, պատասխանատու և համընդհանուր հասանելի երկիր։
Ռազմավարության մեջ ամրագրված գերակայություններից է Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը և միջազգային զբոսաշրջիկների տարեկան ծախսը 3.8 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելը՝ շուրջ երկու անգամ բարձրացնելով 2024 թվականի արդյունքը։
Հանդիպման ավարտին պատասխանեցի մասնակիցների հարցերին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: