«Թուրքիան դարձել է շատ հզոր երկիր»․ ինչ են խոսել Թրամփը և Էրդողանն Անկարայում

«Նախագահի օրոք Թուրքիան դարձել է շատ հզոր երկիր ռազմական առումով։ Մարդիկ նույնիսկ չեն գիտակցում, թե որքան ուժեղ են նրանք իրականում։ Նրանք ունեն հիանալի զինվորներ»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։

«Մենք հիանալի ընկերներ ենք»,- ասել է Թրամփն Էրդողանի մասին։

– Նախագահն անհավանական աշխատանք է կատարել։ Նախագահի օրոք Թուրքիան դարձել է շատ հզոր երկիր ռազմական առումով։ Մարդիկ նույնիսկ չեն գիտակցում, թե որքան ուժեղ են նրանք իրականում։ Նրանք ունեն հիանալի զինվորներ։ Այսօր մենք կխոսենք առևտրի մասին։ Մենք նաև կխոսենք ռազմական ոլորտին վերաբերող այլ բաների մասին՝ հարցերի լայն շրջանակի մասին։

– Մենք որոշում կկայացնենք [Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու մասին]։ Կարծում եմ՝ շատերը, և դատելով այստեղ նստածներից, կասեն. Ինչո՞ւ չպետք է դա անենք։ Մենք այժմ շատ ավելի լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ։ Եվ Թուրքիան շատ առումներով ապացուցել է, որ շատ ավելի հավատարիմ գործընկեր է, քան որոշ երկրներ, որոնցից մենք ակնկալում էինք նման հավատարմություն։

– Դու որոշ մարդկանց հետ լավ ես շփվում, իսկ մյուսների հետ՝ ոչ։ Երբեմն դու լեզու ես գտնում ամենադժվար մարդկանց հետ, ինչպես նա։ Իսկ երբեմն չես կարողանում լեզու գտնել ամենաթույլ, ամենաանհեթեթ մարդկանց հետ։ Բայց մենք հիանալի լեզու ենք գտել մեր հանդիպման առաջին իսկ օրվանից։

– ԱՄՆ-ն կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները։ Ժամանակն է դա անել։ Մենք չենք ուզում պատժամիջոցներ կիրառել ընկերների նկատմամբ։ Թուրքիան շատ առումներով շատ ավելի հավատարիմ է եղել, քան այլ երկրներ, որոնք մենք կարծում էինք, որ պետք է հավատարիմ լինեն։

– Ես կասեի, որ ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ, հավանաբար, հիմա ավելի լավն են, քան երբևէ։

– Թուրքիան ինքնաթիռներ է գնել Միացյալ Նահանգներից։ Եվ եթե դուք ինքնաթիռ եք գնում Միացյալ Նահանգներից, ապա երբ շարժիչները սպասարկման կարիք ունեն, կարծում եմ, որ մենք պարտավոր ենք սպասարկել դրանք և օգնել դրանց սպասարկման հարցում։

– Թուրքիան մեզ համար հիանալի դաշնակից է եղել։ Այն կարող էր մտնել հակամարտության մեջ [Իրանում] մյուս կողմից։ Այն շատ ուժեղ երկիր է, բայց չարեց։ Գուցե չարեց իմ շնորհիվ։ Ես վստահ եմ, որ Էրդողանը չի ցանկանում, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Ես դրանում վստահ եմ։ Անկեղծ ասած, Թուրքիան Միացյալ Նահանգներին ավելի շատ օգնություն է ցուցաբերել, քան մեր շատ ավելի ավանդական դաշնակիցներ։

2020 թվականին Վաշինգտոնը պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի նկատմամբ CAATSA-ի (Ամերիկայի հակառակորդի պատժամիջոցների մասին օրենք) համաձայն՝ ռուսական «Ս-400» հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումից հետո։ Սահմանափակումներն ազդել էին Թուրքիայի պաշտպանության արդյունաբերական զարգացման վարչության վրա, որի արդյունքում Անկարան բացառվել էր «F-35» կործանիչների ծրագրից։

Leave a comment