«Կենսաբազմազանությունը չի ճանաչում սահմաններ». Դոկտոր Հաժար Ջամալիի դասախոսությունը ՀՖՀՀ-ում

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ)՝ Ցյուրիխի համալսարանի Եվրոպա ինստիտուտի (EIZ) հետ համատեղ, կազմակերպել է ամառային դասընթաց՝ նվիրված Եվրոպական միության իրավունքին եւ քաղաքականություններին եւ արդի թեմաներին։
Երեքշաբաթյա դասընթացների շրջանակում կազմակերպվել է նաեւ բաց դասախոսություն՝ «Կենսաբազմազանության պահպանումը. ԵՄ իրավական եւ քաղաքական շրջանակը» թեմայով։  
Այն վարել է Ցյուրիխի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ավագ գիտաշխատող, հետազոտող, դոկտոր Հաժար Ջամալին։
Մեդիամաքսն առանձնացրել է դասախոսության առավել հետաքրքիր դրվագները։  
«Ականավոր գիտնականների հետազոտությունները հասանելի դարձնել ՀՖՀՀ ուսանողներին եւ հայ հանրությանը» 
Սալվա Նակուզի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր  
Այսօրվա դասախոսությունը կազմակերպել ենք շվեյցարական կողմի հետ համատեղ։ Այնպես որ, պետք է ճիշտ ժամանակին սկսենք. չէ՞ որ շվեյցարացիները շատ ճշտապահ են (ժպտում է – հեղ.)։ Ներկաների մի մասն արդեն հանդիպել է դոկտոր Հաժար Ջամալիին, քանի որ այսօրվա հանդիպումն անցկացվում է ԵՄ իրավունքին եւ քաղաքականություններին նվիրված մեր ամառային դպրոցի շրջանակում։  
Քննարկումը նվիրված է կենսաբազմազանությանը, եւ շատ արդիական է այս թեմայով մտքեր փոխանակելն այստեղ եւ հիմա, քանի որ, ինչպես գիտենք, ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովն (COP 17) անցկացվելու է այս աշնանը Երեւանում։  
Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Ցյուրիխի Եվրոպա ինստիտուտին՝ գերազանց համագործակցության եւ այս ամառային ծրագրի արդեն 5-րդ թողարկումն իրականություն դարձնելու համար։  
Ցյուրիխի Եվրոպա ինստիտուտն (EIZ) իրավունքի ոլորտում առաջատար փորձագիտական կենտրոններից է եւ Շվեյցարիայում իրավաբանական վերապատրաստման կարեւոր օղակ։ Այն խորհրդատվական եւ տեղեկատվական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ՝ կազմակեպում բաց դասախոսություններ` քաղաքականության, մշակույթի եւ հասարակական կյանքի վերաբերյալ։  
Ուշադրության է արժանի այն փաստը, որ այս ինստիտուտը ֆինանսապես ինքնաբավ է, ինչը երաշխավորում է հետազոտությունների անկախությունն ու չեզոքությունը։ 
EIZ-ի հետ համագործակցության շնորհիվ է, որ մենք եւս կարողանում ենք ՀՖՀՀ ուսանողներին եւ հայ հանրությանը ներկայացնել ականավոր գիտնականներին, եւ նրանց հետազոտությունները կենսական հարցերի վերաբերյալ։ Այսօր մեզ հետ հենց նման հետազոտող է՝ Հաժար Ջամալին։
«Կենսաբազմազանության հարցը չի ճանաչում սահմաններ» 
Կարին Յովսէփեան, Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտությա ֆակուլտետի դեկան 
Կենսաբազմազանության հարցն օրեցօր առավել կարեւոր նշանակություն է ստանում՝ ընդգրկելով ոչ միայն էկոհամակարգերն, այլեւ՝ մարդկանց ու ապագա սերունդների բարեկեցության ապահովումը։ Ուստի, օրենսդրորեն դրա պահպանությունն առանձնահատուկ կարեւորություն ունի թե՛ ուսանողների եւ հետազոտողների, թե՛ առհասարակ բոլոր քաղաքացիների համար։  
 
Այսօրվա դասախոսությունը հնարավորություն է տալիս դիտարկել՝ ինչպես է Եվրոպական Միությունն աշխատում կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ եւ ինչպիսի օրենսդրական կարգավորումներ է որդեգրում։ Սա նաեւ հնարավորություն է խորհելու մեր անելիքների մասին, այդ թվում՝ Հայաստանում։  Կենսաբազմազանության հարցը չի ճանաչում սահմաններ, եւ իրական առաջընթաց հնարավոր է արձանագրել միայն համատեղ ջանքերով։  
«Միայն միացյալ ջանքերով է հնարավոր տալ պատասխաններ» 
Հաժար Ջամալի, դոկտոր, Ցյուրիխի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ավագ գիտաշխատող 
Սա իմ առաջին տարին է Հայաստանում եւ կարող եմ պնդել՝ հիանալի փորձառություն եմ ձեռք բերել, որն արդեն իսկ տալիս է դրական արդյունքներ։  
Շնորհակալ եմ Հայաստանում ֆրանսիական համալսարանին եւ առհասարակ՝ ձեր ողջ երկրին՝ նման հրաշալի ընդունելության համար։ Մեր համալսարանների միջեւ եղած համագործակցությունը շատ կարեւոր է։ 
Այսօր քննարկելու ենք կենսաբազմազանության պահպանման թեման՝ ԵՄ քաղաքականության շրջանակում։ Այն չափազանց բարդ է, նուրբ եւ լուրջ մարտահրավերներ պարունակող։ Վերջին 50 տարվա ընթացքում ԵՄ-ում ընդունել ենք կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ բազմաթիվ օրենսդրական ակտեր եւ կանոնակարգեր, սակայն տեսնում ենք, որ ցանկալի արդյունքին չենք հասել։ Ինչո՞ւ։ Այս հարցին պատասխանելը հեշտ չէ։ Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, ու եթե ակնկալում եք, որ ունեմ հստակ պատասխաններ, պետք է ձեզ հիասթափեցնեմ (ժպտում է – հեղ.)։ Բայց լավ լուրեր էլ կան. այս օրերին հանդիպել եմ տարբեր ոլորտներից բազմաթիվ ուսանողների, եւ կարողացել ենք ստեղծել քննարկումներին մասնակցող միջդիսցիպլինար խումբ՝ կազմված քաղաքագետներից, տնտեսագետներից, այլ ոլորտների մասնագետներից։ Կարծում եմ՝ միայն նման միացյալ ջանքերով է հնարավոր տալ պատասխաններ։  
«Կենսաբազմազանության պահպանման հարցն առավել լայն եւ բազմաշերտ է, քան՝ կլիմայի փոփոխության խնդիրը» 
Հաժար Ջամալի 
Այսօր ԵՄ-ում օրենսդրորեն պահպանվող բնակավայրերի 81 տոկոսը շարունակում է մնալ խիստ անբավարար կամ վատ պահպանության վիճակում։ Այնուամենայնիվ, չենք կարող կենսաբազմազանության պահպանմանն վերաբերյալ եվրոպական օրենսդրությունը ներկայացնել որպես անհաջող բարեփոխումների շարք։ Առավել ճիշտ կլինի ասել, որ սա շարունակական հարմարվողականության արդյունք է․երբ կենսաբազմազանության շուրջ յուրաքանչյուր նոր փաթեթ մշակվում է միայն այն փուլում, երբ քաղաքական գործիչները գիտակցում են՝ նախորդ մոտեցումներն այլեւս բավարար չեն։  
Միայն տեսակների կամ դրանց կենսագործունեության վայրերի պահպանությունը չի լուծում խնդիրը։ Առանձին պահպանվող տարածքների ստեղծումը եւս ելք չէ։ Այնպես որ, կարեւոր է դիտարկել խնդրի էվոլյուցիան, քննարկել՝ ինչպես հասանք այս իրավիճակին։
ԵՄ-ի վերջին 40 տարիների փորձը ցույց է տվել, որ կենսաբազմազանության արդյունավետ պահպանման համար արդեն իսկ դեգրադացվածի/քայքայվածի «պաշտպանությունը» բավարար չէ։ Այդ պատճառով ԵՄ-ն պահպանության քաղաքականությունից անցում է կատարել դեպի բնության եւ էկոհամակարգերի վերականգնման քաղաքականություն։  
«Հավասարակշռել կենսաբազմազանության պահպանությունը եւ մարդու կենսական պահանջները» 
Հաժար Ջամալի
Հայտնի է, որ կլիմայի փոփոխությունն ու կենսաբազմազանության կորուստը հաճախ դիտարկվում են որպես փոխլրացնող բնապահպանական ճգնաժամեր։  Այո՛, սա սխալ պնդում չէ։ Առողջ էկոհամակարգերը կլանում են ածխածինը, կարգավորում ջրի շրջապտույտը, ապահովում հողի բերրիությունը եւ մեծացնում դիմադրողականությունը կլիմայի փոփոխության նկատմամբ։ Այսօր հենց այս խնդիրներն են դարձել կենսաբազմազանությանն առնչվող օրենսդրական գործընթացների հիմնական շարժիչ ուժը։ Միեւնույն ժամանակ, իրավական տեսանկյունից կլիմայի փոփոխությունը եւ կենսաբազմազանության կորուստն առաջադրում են հիմնովին տարբեր մարտահրավերներ։  
Կարծում եմ՝ կենսաբազմազանության հարցն ավելի բարդ եւ բազմաշերտ է, քան կլիմայի փոփոխության խնդիրը։ Մենք պետք է պաշտպանենք տեսակները, բնակության միջավայրը եւ էկոհամակարգերը, ինչպես նաեւ՝ էկոլոգիական գործընթացները՝ միաժամանակ հաշվի առնելով մարդու կենսական պահանջները։ Սա վերաբերում է գյուղատնտեսությանը, անտառային տնտեսությանը, ձկնորսությանը, ենթակառուցվածքներին եւ էներգետիկ համակարգերի փոխակերպմանը։ Պետք է գտնել ճիշտ հավասարակշռություն։  
Բոլորս խոսում ենք կլիմայի փոփոխության մասին, եւ սա, անշուշտ, շատ կարեւոր է, բայց պետք է առանցքում պահել նաեւ կենսաբազմազանության հարցը։ Քանի որ առանց դրա բարելավման, հնարավոր չէ իրական քննարկում ունենալ կլիմայի վերաբերյալ։  
Մենք չենք հասնի կլիմայական չեզոքության մինչեւ 2050 թվականը, եթե չապահովենք կենսաբազմազանության ինչպես պահպանումը, այնպես էլ վերականգնումը։
Յանա Շախրամանյան 
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի  

Leave a comment