Հունիսյան անախադեպ շոգ ալիքից հետո Եվրոպայի մի շարք երկրներում բռնկված անտառային հրդեհները ոչնչացրել են հազարավոր հեկտար բուսականություն։ Հուլիսի 5-ից ի վեր հարյուրավոր հրշեջներ, ավիացիա և կամավորներ պայքարում են աղետի դեմ Ֆրանսիայում, Հունաստանում, Իսպանիայում և Պորտուգալիայում։
Տարհանումներ Ֆրանսիայում և թունավոր ծուխ Հունաստանում
Ֆրանսիայի Արևելյան Պիրենեյների դեպարտամենտում հուլիսի 4-ին բռնկված հրդեհի պատճառով իշխանությունները տարհանել են 5,000 բնակչի։ Պերպինյան քաղաքից ոչ հեռու գտնվող դժվարամատչելի տեղանքում կրակի դեմ պայքարում են շուրջ 700 հրշեջ և 200 միավոր տեխնիկա։ AFP-ի տվյալներով՝ կան ծանր վիրավորներ։ Հուլիսի 6-ի դրությամբ երկրի ևս 41 դեպարտամենտում պահպանվում է հրդեհների բարձր ռիսկ, որոնցից 7-ում հայտարարվել է վտանգավորության առավելագույն մակարդակ։
Հունաստանի Սալոնիկ քաղաքի մոտակայքում հրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում, ինչի հետևանքով քաղաքի կենտրոնը պատվել է թունավոր սև ծխով։ Իշխանությունները բնակչությանը հորդորել են մնալ տներում և փակել պատուհանները։ 76-ամյա մի տղամարդ արդեն ձերբակալվել է հրկիզման կասկածանքով։ Աթենքից արևմուտք ևս մեկ խոշոր օջախ է գրանցվել, որի մարմանը մասնակցում է 210 հրշեջ։
Իրավիճակը Պիրենեյան թերակղզում
Իսպանիայի Ժիրոնա նահանգում հուլիսի 3-ից մոլեգնող հրդեհն արդեն ընդգրկել է մոտ 2,200 հեկտար տարածք։
Էլ ավելի օրհասական է իրավիճակը հարևան Պորտուգալիայի Վոզելա համայնքում, որտեղ հուլիսի 2-ից ի վեր մոխրացել է 12,000 հեկտար տարածք։ Այստեղ կրակի դեմ պայքարում ներգրավված է 1,200 հրշեջ և 15 ինքնաթիռ։ Հատկանշական է, որ Իսպանիան օգնության ձեռք է մեկնել հարևանին՝ ուղարկելով 120 հրշեջ և 45 միավոր տեխնիկա։ Թեև հուլիսի 5-ին խոշոր օջախները տեղայնացվել են, սակայն վտանգը դեռևս չի անցել։