Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագիրն ամենահասունն է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ից քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ 3 ներդրումային ծրագրեր ստացել են դրական եզրակացություն: Մասնավորապես, անդրադարձ կատարելով Աջափնյակ մետրոյի կայարանին և մետրոյի արդիականացման ծրագրին, նշվեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ներդրումային կոմիտեում. պաշտոնական փաթեթը ներկայացվելու է Ֆինանսների նախարարություն՝ բոլոր միջազգային գործընկերներին դիմելու, ֆինանսավորման և իրականացման ամենաարդյունավետ, ամենաարագ պլաններն առաջարկելու համար, որի շրջանակում ընտրություն կկատարվի, թե որ միջազգային գործընկերոջ հետ աշխատել:

Ի թիվս այլնի, Տիգրան Ավինյանը հետևյալը նշեց. «ՀՀ կառավարությունը և, մասնավորապես, Ներդրումային կոմիտեն Երևան քաղաքի 3 ծրագրերով հաստատել է 650 միլիոն դոլարի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք ուղղվում են Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցմանը, մետրոպոլիտենի ամբողջական ենթակառուցվածքի արդիականացմանը, վերգետնյա տրանսպորտի մեր վերջին փուլի էլեկտրական ավտոբուսների գնմանը, երկու դեպոների նորոգմանը, առանձնացված գծերի ներդրմանը: Եվ այստեղ ունենք նաև մի կարևոր կոմպոնենտ՝ Դալմայի այգիների կառուցմանը՝ 250 հեկտար… Սա կարևորագույն և անկյունաքարային որոշում է, կառավարությունը փաստացի ստանձնել է ֆինանսական հանձնառություն այս բոլոր ծրագրերի հետ կապված, և Երևան քաղաքը իրականացնելու է այս բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը:

Մենք տարբեր փուլերում ենք գտնվում տարբեր ծրագրերով, և ամենահասունը Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագիրն է: Ես հասկանում եմ նաև այն մարդկանց, որոնք թերահավատորեն են մոտենում այս պրոցեսին: Պատկերացրեք՝ որ թվականից Հայաստանի Հանրապետությունում մարդիկ խոսք են տվել, որ Աջափնյակի մետրոյի կայարանը կառուցվելու է: Հիմա 2026 թվականն է: Մենք էլ 2022-23 թվականից շատ հաստատակամ այդ խոստումները տվել ենք և շատ գործուն քայլեր ենք արել այդ ուղղությամբ: Այժմ ունենք նախագիծ և նախահաշիվ Աջափնյակ մետրոյի կայանի համար, բայց նաև պետք է հասկանանք, որ որևէ մի ծրագիր, որ չես իրականացնում տասնամյակներով, դրա գիտելիքը և դրա կառավարման կարողությունը վերանում է երկրից, և մեր ձգձգումները միայն այս խնդրի հետ են կապված…

Բոլոր ծրագրերում ժամանակից ավելի կարևոր գործոն մեզ համար չկա: Այո՛, փողը կարևոր է, ֆինանսական գրագետ կառուցվածքը կարևոր է, բայց որևէ բան ավելի թանկ չէ, քան ժամանակը: Պետք է շտապենք, ունենանք միջազգայնորեն այս տեսակ աշխատանք կատարած շինարար-կառուցապատող և միջազգայնորեն նման փորձ ունեցող տեխհսկող ինժեներ, որն իրականացրել է նմանատիպ խոշոր ինժեներական տեխհսկողություն: Եվ ամենակարևոր մեր որոշելիքը այն է, թե արդյոք տեսնո՞ւմ ենք հնարավորություն միջազգային ֆինանսական գործընկերներից որևէ մեկի հետ առաջ շարժվելու, թե՞ ոչ… Նաեւ այդ հարցի պատասխանը պետք է տանք մեկ-երկու ամիսների ընթացքում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment