ՀՀ կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունման և վարորդական վկայականների տրամադրման կարգում։ Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար:
«Վերաիմաստավորում ենք կոնկրետ հիմքով վարելու իրավունքից զրկված անձանց պարագայում այդ իրավունքը վերականգնելու ընթացակարգը»,- ասուլիսում նշեց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը՝ ներկայացնելով փոփոխությունը: Նա ընդգծեց. «Այս փոփոխությունը որևէ աղերս չունի անվտանգության նշաձողն իջեցնելու հետ, և որևէ բան ՆԳՆ-ի կողմից չի արվելու անվտանգության հաշվին: Սա ընդամենը մոդելային փոփոխություն է, որն ավելի արդյունավետ է դարձնելու այս գործընթացը»:
Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝ 2020 թ. հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձինք, որոնց զրկման ժամկետը լրացել է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, այսինքն՝ հուլիսի 6-ը, այսօրվանից 1 տարվա ընթացքում կարող են դիմել հաշվառման-քննական ստորաբաժանում և վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ վճարելով 50 հազար դրամ և ստանալով 1 տարվա կտրվածքով 6 տուգանային միավորով փորձաշրջանի ժամկետ:
Նա մանրամասնեց, որ վարելու իրավունքը վերականգնելու համար այդ անձինք պետք է հերթագրվեն ՆԳՆ կայքի համապատասխան բաժնում՝ ընտրելով «Զրկված վարորդական վկայականի վերականգնում՝ առանց քննությունների» կոճակը: Նրանք պետք է ընտրեն իրենց համար նախընտրելի ստորաբաժանումը՝ ներկայացնելու համար օր ու ժամ, և տվյալ օրը և ժամին պետք է ներկայանան ստորաբաժանում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ ու պետական տուրքի վճարման անդորրագիր, որը 50 հազար դրամ է: Հաշվեհամարը, որին պետք է վճարել 50 հազար դրամ, հետևյալն է՝ 900005003810:
«Այն անձինք, որոնց վարորդական վկայականների ժամկետները լրացել են, բացի 50 հազար դրամ պետական տուրքից, պետք է վճարեն նաև վարորդական վկայական ստանալու համար նախատեսված պետական տուրքը, որը պլաստիկ քարտի տեսքով վկայականի համար 12 հազար դրամ է, իսկ թվային վարորդական վկայականի համար՝ 6000 դրամ: Իսկ ում վարորդական վկայականները դեռևս ժամկետի մեջ են, կարող են հետ ստանալ տվյալ ստորաբաժանումից՝ առանց հավելյալ տուրք վճարելու»,- ասաց նա: Չիլինգարյանը նաև տեղեկացրեց, որ փոփոխությունները վերաբերում են վարորդական իրավունքից զրկված 18000 մարդու:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: