Վերլուծաբանները բացահայտել են Թրամփի կրիպտոարժույթի ներդրողների կորուստների իրական մասշտաբը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից թողարկված TRUMP մեմքոինի գրեթե մեկ միլիոն գնորդ մինչև հունիսի վերջը կրել է վնասներ։ Ներդրողների այս խմբի ընդհանուր կորուստները հասել են 3.81 միլիարդ դոլարի։ Այս տվյալները ներկայացված են կրիպտոարժույթների վերլուծությամբ զբաղվող Nansen ընկերության զեկույցում, փոխանցում է The New York Times-ը։

Nansen-ի հուլիսի 3-ի տվյալներով՝ մետաղադրամի արժեքը կազմել է 1.76 դոլար, ինչը 97%-ով ցածր է նախորդ տարվա հունվարին գրանցված 75.35 դոլար պատմական առավելագույն ցուցանիշից։

Կորուստներ կրածների թվում է նաև մասնավոր կրիպտոթրեյդեր Նիկոլաս Պինտոն, որը 2024 թվականի ընտրություններում աջակցել էր Թրամփին։ Նրա խոսքով՝ ինքը TRUMP մեմքոինում ներդրել էր շուրջ 500 հազար դոլար և կորցրել այդ գումարի մոտ կեսը։

«Թրամփn օգտագործում է նախագահի իր լիազորությունները՝ արժույթներ թողարկելու համար՝ միաժամանակ հանրության աչքում վստահություն ներշնչելով։ Սա պարզապես անհավատալի է։ Գրեթե օրինական խարդախություն է», – ասել է թրեյդերը։

Ինչպես նշում է NYT-ը, նախագահը միակը չէր, որը շահույթ ստացավ սեփական մեմքոինից։ Նախորդ տարվա ձմռանը գործարկումից հետո ակտիվի գինը մեկ դոլարից էլ պակաս մակարդակից բարձրացավ մինչև ավելի քան 70 դոլար։ Փորձառու թրեյդերները, որոնք հաճախ օգտագործում են ավտոմատ առևտրային բոտեր, հասցրել էին այդ ընթացքում ֆիքսել զգալի շահույթ։

Թերթը նշում է, որ նման մետաղադրամների աշխատանքի մեխանիզմը հայտնի է շուկայի մասնակիցներին․ մեմքոինների գինը կտրուկ աճում է, ապա նույնքան արագ ընկնում, երբ առաջին գնորդները վաճառում են իրենց ակտիվները նոր ներդրողներին, որոնք փորձում են «ցատկել արդեն շարժման մեջ գտնվող գնացքը»։

Nansen-ի գնահատմամբ՝ շուրջ 500 հազար կրիպտոդրամապանակ այս մետաղադրամից ընդհանուր առմամբ ստացել է մոտ 4 միլիարդ դոլարի շահույթ։ Սակայն զեկույցում ընդգծվում է, որ այդ ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ վաղ փուլում մուտք գործած սահմանափակ թվով ներդրողներ ստացել են հսկայական եկամուտներ, մինչդեռ մանրածախ ներդրողների մեծ մասը վնասներ է կրել։

NYT-ն հավելում է, որ մեմքոինը եղել է Թրամփին և նրա մերձավորներին եկամուտ բերած մի քանի կրիպտոնախագծերից մեկը։ Նրա ընտանիքի World Liberty կրիպտոնախագծի ընդհանուր շահույթը հասել է գրեթե 800 միլիոն դոլարի։ Թրամփի կառույցը WLFI թոքենների վաճառքից, ծախսերը հանելուց հետո, ստացել է եկամտի 75%-ը, ինչը նախագահին ապահովել է շահույթ՝ նույնիսկ թոքենի փոխարժեքի անկման պայմաններում։

Թերթի տվյալներով՝ WLFI-ի սեփականատերերի կորուստները գնահատելն ավելի բարդ է։ Nansen-ի ուսումնասիրած ավելի քան 26 հազար կրիպտոդրամապանակներից 85%-ը եղել է վնասով՝ ընդհանուր առմամբ մոտ 83 միլիոն դոլարի չափով։ Ներկայումս թոքենի արժեքը կազմում է 0.057 դոլար, ինչը 82%-ով ցածր է սեպտեմբերյան մակարդակից։

Իրավագիտության պրոֆեսոր Սթիվեն Գիլերսը չի բացառել, որ ապագայում նախագահի և նրա գործընկերների դեմ կարող է ներկայացվել կոլեկտիվ դատական հայց, նույնիսկ այն պայմաններում, երբ իշխանությունները հայտարարել են մեմքոինների նկատմամբ խիստ վերահսկողությունից հրաժարվելու մասին։

Leave a comment