Արհեստական բանականությունն ընդդեմ Երևանի խցանումների․ հայ օգտատիրոջ անսովոր փորձարկումը

Հնարավո՞ր է Երևանի կենտրոնում խցանումները զգալիորեն նվազեցնել՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու կամ փողոցները լայնացնելու։ Այս հարցի պատասխանը գտնելու համար Գոռ Առաքելյանը արհեստական բանականության և համակարգչային մոդելավորման գործիքներով ստեղծել է Երևանի կենտրոնի երթևեկության եռաչափ սիմուլյացիա և փորձարկել լուսացույցների կառավարման տարբեր համակարգեր։

Փորձարկումն ընդգրկել է մայրաքաղաքի կենտրոնի շուրջ 2,1 × 2,3 կմ տարածքը՝ Հանրապետության հրապարակից մինչև Կասկադ, Մաշտոցի պողոտայից մինչև Աբովյան փողոց։ Մոդելում ներառվել է 35 խաչմերուկ։

Ուշագրավ է, որ, հեղինակի փոխանցմամբ, ամբողջ մոդելը ստեղծվել է Claude Code արհեստական բանականության գործիքի օգնությամբ՝ առանց ծրագրավորման գիտելիքների կիրառման։

Գոռ Առաքելյանը փորձել է պարզել, թե ինչպես կփոխվի մայրաքաղաքի երթևեկությունը, եթե գործող լուսացույցների փոխարեն կիրառվեն ժամանակակից կառավարման համակարգեր՝ սկսած ինժեներական հաշվարկներից մինչև սենսորներ և արհեստական բանականություն։

Փորձարկման արդյունքները բավական հետաքրքիր են։

Ըստ հեղինակի հրապարակած տվյալների՝ ներկայիս՝ ֆիքսված ռեժիմով աշխատող լուսացույցների պայմաններում մեկ ուղևորության ընթացքում խցանումների և սպասման հետևանքով ժամանակի միջին կորուստը կազմել է 331 վայրկյան՝ մոտ 5,5 րոպե։

Լուսացույցների աշխատանքը Webster-ի ինժեներական բանաձևով օպտիմալացնելու դեպքում ժամանակի կորուստը նվազել է ընդամենը 3 տոկոսով։

Ավելի էական արդյունք է արձանագրվել սենսորներով կառավարվող լուսացույցների դեպքում։ Այս տարբերակում ժամանակի կորուստը նվազել է 25 տոկոսով, իսկ մոդելում խցանման մեջ հայտնված մեքենաների ցուցանիշը 25-ից հասել է զրոյի։

Հետաքրքիր է, որ արհեստական բանականությամբ կառավարվող լուսացույցների համակարգը համեմատաբար ավելի համեստ արդյունք է ապահովել։ Ամրապնդմամբ ուսուցման (reinforcement learning) մեթոդով աշխատող AI համակարգի կիրառման դեպքում ժամանակի կորուստը նվազել է 15 տոկոսով։

Այսպիսով, Գոռ Առաքելյանի ստեղծած մոդելում սենսորներով կառավարվող լուսացույցներն ավելի արդյունավետ են եղել, քան փորձարկված AI համակարգը։

Հեղինակը նշում է, որ մոդելավորման համար օգտագործել է OpenStreetMap-ի քարտեզագրական տվյալները, Google Maps-ի տիպիկ երթևեկության ժամանակները և արբանյակային լուսանկար։ Փորձարկումները կատարվել են 10 մոդելավորված կեսօրվա պայմաններում։

Միաժամանակ Գոռ Առաքելյանը հատուկ ընդգծում է, որ սա համակարգչային սիմուլյացիա է, այլ ոչ թե իրական երթևեկության փոփոխությունների կանխատեսում։ Թեև մեքենաների քանակը համադրվել է իրական տվյալների հետ, դրանց տեղաշարժի ուղղություններն ու երթուղիները հիմնված են ենթադրությունների վրա։

Հետևաբար ստացված արդյունքները չեն նշանակում, որ Երևանի լուսացույցների կառավարման համակարգը փոխելու դեպքում խցանումներն անպայման կնվազեն նշված տոկոսներով։ Դրանք, սակայն, ցույց են տալիս, թե ինչ հնարավորություններ կարող է բացել երթևեկության կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը։

Գոռ Առաքելյանն իր փորձարկման ընթացքը, օգտագործված գործիքները, հաշվարկներն ու արդյունքները ներկայացրել է տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment