ԿԳՄՍ նախարարին են ներկայացվել Ամբերդում պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները

Մշակույթ
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարին են ներկայացվել Ամբերդում պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2024 թվականից ընթանում են Ամբերդ ամրոցի, մասնավորապես՝ միջնաբերդ պալատ-դղյակի վերականգնման աշխատանքները։

 

Ընդհանուր առմամբ՝ Ամբերդ ամրոցի վերականգնման և ամրակայման նպատակով պետությունը կհատկացնի ավելի քան 470 մլն դրամ։ Այս տարվա բյուջեն կազմում է 75 մլն դրամ։

 

Աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ամրոցի տարածք։ Նրան ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը։

 

Նախարարին ներկայացվել են վերականգնման աշխատանքի ընթացքը, պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները, դրանց պատմական նշանակությունը։ Ըստ այդմ՝ ի թիվս այլ գտածոների՝ հայտնաբերվել են մարդկային կմախք և Թամար թագուհու մետաղադրամը՝ որպես բացառիկ արժեք։

 

Նախարարը հետաքրքրվել է վերջին շրջանում հայտնաբերված գտածոների ցուցադրության հնարավորությամբ՝ ընդգծելով դրանք հանրության լայն շրջանակներին ծանոթացնելու կարևորությունը։ Ամբերդի վերականգնման և ամրակայման աշխատանքները նախատեսվում է շարունակել ևս երեք տարի՝ պայմանավորված տեղանքի բարդությամբ։ Այս ընթացքում ևս ամրոցը կգործի որպես զբոսաշրջային գոտի։

Leave a comment