Բե՛լլո, Վալլահի, Բալերինա Կապուչինա. ալֆա սերունդը խոսում է մինիոնների լեզվով

Ներկայացնում ենք The Guardian-ի Bello! Why gen Alpha subconsciously speaks the language of the Minions հոդվածի հայերեն թարգմանությունը:
Եվա Ջաբեր
Համաշխարհային փոխառություններից մինչեւ աղավաղված իտալերեն՝ միլենիալների զավակների խոսակցական լեզուն ոչ միայն նման է «մինիոներենին», այլեւ, կարծես, յուրացրել է այն։
Ես չորս տարեկան էի, երբ կինոթատրոնների էկրաններին բարձրացավ «Անճոռնի ես»-ը, ու բանանագույն, կոմբինեզոնով մինիոնները գրավեցին ողջ աշխարհը։ Երբ յոթ տարեկան էի, քույրերիս եւ եղբայրներիս հետ օգտագործում էինք «Մինիոնների պաշտոնական ձեռնարկը», որ մինիոներեն սովորենք։
Մինիոներենը, իհարկե, Քեւինի, Սթյուարտի, Բոբի եւ իրենց ընկերների հորինած լեզուն է, որը բաղկացած է մեղեդային անհեթեթությունների եւ աշխարհի տարբեր լեզուներից փոխառված իրական բառապաշարի տարբերակների համադրությունից։ 
Երբ մինիոնները գոռում են «կանպայ» («կենաց» ճապոներեն) կամ «պարա տու՛» (իսպաներեն «para ti»՝ «քեզ համար» տարբերակը), դա հիշեցնում է ալֆա սերնդի սլենգը, որը հիմնականում բաղկացած է անհեթեթ բառերից, ինչպիսիք են «քեփ»-ը եւ «մոգինգ»-ը, նաեւ հիմնված է աշխարհի լեզուների վրա։ Օրինակ՝ «սկիբիդի» բառն ունի բուլղարական ծագում։
Սպասելով «Մինիոններ ու հրեշներ» ֆիլմին, որն առաջին անգամ ներառում է 15 րոպեանոց հատված, որտեղ խոսում են բացառապես մինիոներեն, եկեք միասին բացահայտենք մինիոներենի եւ ալֆա սերնդի լեզվի զուգահեռները։ 
Հաջորդ անգամ, երբ մեծ էկրանին լսեք՝ ինչպես է մինիոնը գոռում «բելլո», գնահատեք, թե ինչպես է «Illumination»-ի սկզբնական գրավիչ կատակերգական գործիքը երիտասարդների խոսակցական լեզվի մեջ սոցիալ-լեզվական բազմազանություն արտահայտելու ձեւի վերածվել։
Սկսենք մինիոնների սիրելի պահերի մի քանի տողերից, որոնցից շատերը արմատներ ունեն իսպաներեն, անգլերեն, իտալերեն, տագալոգերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ ինդոնեզերեն լեզուներում։ 
Մինիոնների ամենասիրված պահերից մեկը Բոբի կարճատեւ թագավորությունն է որպես Անգլիայի արքա, որն ավարտվում է նրանով, որ թագուհին Բոբին փոքրիկ թագ է տալիս իր արջուկ Թիմի համար։ Բոբը բազմիցս երախտագիտություն է հայտնում՝ գոռալով «թերկա քասիհ», ինչն ինդոնեզերենով նշանակում է «շնորհակալություն»։ Աշխարհի իրական լեզուներից վերցված այս արտահայտությունները մինիոներենի մեջ լեզվաբանները դասակարգում են որպես «փոխառություններ»։
«Անճոռնի ես 2»-ից իմ սիրելի պահն է, երբ շքեղ հագնված մինիոն Դեյվը տոնում է Գրուի եւ Լյուսիի հարսանիքը՝ երգելով All-4-One խմբի «I Swear» երգի մինիոներոնով տարբերակը, որը սկսում է թախծագորով «ա՜հ, լապո դա» հառաչանքով։ Այս պահը մինիոներենում իսպաներենի ազդեցության խորամանկ օրինակ է, քանի որ արտահայտությունը հնչյունաբանորեն նույնական է «ա՜հ, լա բոդա»-ին, որը իսպաներենում նշանակում է «ա՜խ, հարսանիք»։ Բառացի փոխառված բառերից մինչեւ խելացի ծածկագրեր՝ մինիոներենը զարմանալիորեն ճշգրիտ ներկայացնում է աշխարհի լեզուները եւ սահուն կերպով կապում է իրական բառապաշարն ու թվացյալ պատահական ցնդաբանությունները։
Մինիոներենի ու ալֆա սերնդի բարբառի միջեւ ամենաակնհայտ կամուրջը, թերեւս, իտալերենի օգտագործումն է՝ որպես լեզու, որի բառերն արտաբերելը հատկապես հաճելի է։ Վերցնենք, օրինակ, մինիոնների «YMCA» երգի քավըր տարբերակը, որը եզրափակում է «Despicable Me 2»-ը (որը, անամոթաբար խոստովանեմ, պարբերաբար լսում եմ մեքենայում՝ աշխատանքի գնալիս): Այս քավըրը լի է ձայնանմանակման տեքստերով, երբեմն հնչում են «բոկա լինգուինի բանակի լոտո» ու «լի լե կարբոնարա»: Այստեղ թաքնված իտալական ուտեստները՝ լինգուինին ու կարբոնարան, տարօրինակ են, բայց դրանք անկասկած սազում են ու երգն ավելի ուրախ դարձնում ձայնակցելու համար։
Այն ինձ հիշեցնում է ալֆա սերնդի ինտերնետային երեւույթը՝ իտալական brainrot-ը՝ «ուղեղի փտումը», ԱԲ-ի կողմից ստեղծված մարդանման կերպարները, որոնց անունները հնչում են իտալերենի նման, օրինակ՝ Բալերինա Կապուչինա կամ Շիմպանզինի Բանանինի: Լեզվի մասնագետները ենթադրում են, որ երիտասարդների սերը իտալական brainrot-ի նկատմամբ, թեեւ իրական իտալերեն չէ, կարող է հետաքրքրություն առաջացնել մշակույթի նկատմամբ եւ ընդգծում լեզվի երաժշտականությունը: Մի բան հաստատ է. իտալերենի երաժշտականությունը, անկասկած, մինիոներենի տարր է, որը, կարծես, ալֆա սերնդի ներկայացուցիչները յուրացրել են՝ թեկուզ ենթագիտակցորեն։  
Եթե խոսենք ալֆա սերնդի սլենգի մասին, դուք կզարմանաք, որ անծանոթ ժարգոնային արտահայտություններից շատերը, որոնք գոռում են այսօրվա դեռահասները, մինիոներենի պես ծագել են լեզվի ստեղծագործ կիրառման արդյունքում եւ ոգեշնչվում են տարբեր մշակույթներով։ 
Ալֆա սերնդի տարածված եզրույթներից մեկը «սասսի բակա»-ն է, որը գոյական է, որով բնութագրվում է ծիծաղելիորեն տարօրինակ կամ կասկածելի պահվածքով մեկը: Առաջին հայացքից բառը թվում է անիմաստ, բայց իրականում այն անգլերեն «suspicious»՝ «կասկածելի», եւ ճապոներեն «բակա»՝ «հիմար», բառերի համադրությունն է: Ալֆա սերնդի ժարգոնն ունի նաեւ իր փոխառությունները, ինչպիսին է «վալլահի»-ն, որը դարձել է Z սերնդի «on God» բառի տարբերակը: «Վալլահի» բառը, որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «Երդվում եմ Աստծով» եւ իր տեղն է գրավել ալֆա սերնդի խոսակցական լեզվում, ցույց է տալիս, որ նրանց ժարգոնի լեզվական օրինաչափությունները նման են մինիոներենին:
Գրապահարանում պահելով իմ մանկության մինիոնների օրագիրը եւ Spotify-ում՝ մինիոնների երգացանկը՝ ես պատրաստ եմ «Մինիոններին եւ հրեշներին»: Անհամբեր սպասում եմ մինիոներենով 15-րոպեանոց հատվածին, եւ կարծում եմ, որ դրա անհեթեթ, բայց մեղեդային հմայքը հատկապես դուր կգա ալֆա սերնդի հանդիսատեսին: Մինիոներենը գուցե հորինված լեզու է, բայց Illumination-ը իրոք խոսում է երեխաների հետ իրենց լեզվով:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Leave a comment