Համագործակցության հուշագիր Հայաստանի ամերիկյան համալսարանի և «Շենգավիթ» ԲԿ միջև
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանի և «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանի կողմից ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ միավորելով ջանքերը բժշկական կրթության, գործնական ուսուցման և ապագա առողջապահական մասնագետների պատրաստման ուղղությամբ։
Համագործակցության շրջանակում AUA-ի Հանրային առողջապահության մագիստրոսական և Բուժքույրական գործի բակալավրի կրթական ծրագրերի ուսանողները հնարավորություն կունենան իրենց տեսական գիտելիքները կիրառել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի կլինիկական միջավայրում՝ ձեռք բերելով արժեքավոր գործնական փորձ և զարգացնելով մասնագիտական հմտությունները։
«Մենք հավատում ենք, որ որակյալ կրթության և առաջատար բժշկական փորձի համադրությունը լավագույն ներդրումն է առողջապահության ապագայի համար։ Մեր բժշկական կենտրոնը տարիներ շարունակ հանդիսանում է բժշկական կրթության կարևոր հարթակ, և ուրախ ենք, որ այս համագործակցությամբ ստեղծում ենք նոր հնարավորություններ ապագա մասնագետների կրթության և մասնագիտական զարգացման համար»,– նշեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը։
Ներկա էր նաև «Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի տնօրեն Նարեկ Մատինյանը, ով կարևորում է գիտակրթական համագործակցության ընդլայնումը և ապագա մասնագետների պատրաստմանն ուղղված համատեղ նախաձեռնությունները։
Այս հուշագիրը ևս մեկ կարևոր քայլ է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի կրթական առաքելության իրականացման ճանապարհին՝ ամրապնդելով համալսարան–բժշկական կենտրոն համագործակցությունը և նպաստելով առողջապահության ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը։