Իսրայելը որպես պետություն չի ճանաչել և վստահ եմ՝ չի էլ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Չերնամորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերջին որոշումը ոչ թե պետական մակարդակով ճանաչում է, այլ քաղաքական ազդակ՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Իսրայելահայեր» թերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։

Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը երեկ քվեարկությամբ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հավանություն տալով արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի որոշման նախագծին։ Թուրքիան և Ադրբեջանը խստորեն դատապարտել են Իսրայելի կառավարության որոշումը։  

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է․ «Ամբողջ աշխարհի աչքի առաջ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ համակարգված բռնություններ իրականացնող և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Գազայի բնակիչների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով դատական քննության առարկա հանդիսացող Իսրայելի կառավարությունը 1915 թվականի դեպքերի վերաբերյալ ընդունած քաղաքական որոշմամբ նպատակ ունի քողարկել սեփական հանցագործությունները»։ 

Ադրբեջանն էլ կոչ է արել Իսրայելի կառավարությանը վերանայել որոշումը։ 

Արտյոմ Չերնամորյանի խոսքով՝ Իսրայելի այս քայլը պայմանավորված է Էրդողանի կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանությամբ և Իսրայելի պետության գոյությանը սպառնացող հայտարարություններով։ 

«Սա ուղղակի լավ ապտակ էր Էրդողանին։ Իսրայելն այլևս չի վախենում Թուրքիայից և փոխում է իր ռազմավարությունը Մերձավոր Արևելքում»,- նշեց Չերնամորյանը` ընդգծելով, որ Հայոց ցեղասապանության պաշտոնական ճանաչման համար անհրաժեշտ է Քնեսեթի որոշումը։ 

«Պետությունը պաշտոնապես՝ իր բոլոր օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով, չի ճանաչել այս ցեղասպանությունը և նաև վստահ եմ, որ չի էլ ճանաչելու։ Իսկ սա ուղղակի քաղաքական հայտարարություն էր»,- շեշտեց նա։ 

Չերնամորյանը հիշեցնում է, որ 2016 թվականին Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթի) Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողով ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև, սակայն Բենիամին Նաթանյահուի կառավարությունը դեմ էր եղել դրան։ 

Չերնամորյանը նաև վստահություն հայտնեց, որ Ադրբեջանն ու Իսրայելը ներքին կապի մեջ են և Բաքուն նախապես տեղեկացված է եղել այս որոշմանը։

«Սրանից Ադրբեջան-Իսրայել հարաբերությունը ընդհանրապես չի տուժի: Ադրբեջանն էլ, որպես Թուրքիայի լավ բարեկամ երկիր, պետք է մի երկու նախադասություն ասեր։ Իրենց սեփական ժողովրդին աչքերին թոզ փչելու համար է սա արել։ Իսրայելն էլ դրանից այդպես շատ չի ազդվել»,- ասաց Չերնամորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անի Թամրազյան

Leave a comment