Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել


Մասիսի համայնքային ոստիկանները հունիսի 23-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Խաչփար գյուղի 57-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում և տանը թմրանյութ պահում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:


 


«Այցելության ժամանակ հայտնաբերվել են մշակված և չորացված կանեփի բույսեր, մոտ 100 գրամ քաշով մանրացված կանեփի զանգված։


 


Տղամարդը հայտնել է, որ դրանք նախատեսված են իր անձնական օգտագործման համար։


57-ամյա քաղաքացին ձերբակալվել է և փաստաթղթերի հետ ներկայացվել Մասիսի քննչական բաժին։


 


Մեկ այլ դեպքով Արմավիրի համայնքային ոստիկանները հունիսի 22-ին օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Երևանի 48-ամյա բնակիչը Նոր Կեսարիա գյուղում կանեփի բույսեր է աճեցնում և թմրանյութ պահում։


Կատարված զննության ժամանակ հայտնաբերվել է մոտ 3,1 գրամ քաշով չորացված, մանրացված կանեփ և մոտ 77,5 գրամ քաշով չորացված զանգված։


 


48-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իր անձնական օգտագործման համար է։


 


Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն»,- ասվում է հաղորդագրությունում։


 

Leave a comment