Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊ


Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է։ Այս օրը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է՝ վերահաստատելու խոշտանգումների բացարձակ արգելքի, ինչպես նաև խոշտանգում վերապրած անձանց իրավունքների պաշտպանության և արդյունավետ աջակցության ապահովման միջազգային հանձնառությունը։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է` ընդգծելու, որ խոշտանգումների դեպքերի բացառումը ոչ միայն իրավական պարտավորություն է, այլև մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության և ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքների արտահայտություն։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևողական պետական քաղաքականություն և բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ աշխատանք։


Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, խոշտանգումների և վատ վերաբերմունքի ցանկացած ձևի կանխարգելումը, դրանց վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդման արդյունավետ, անկախ և անաչառ քննությունը, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելը, ինչպես նաև զոհերի աջակցության պատշաճ կառուցակարգերի առկայությունը պետության անշեղ պարտավորություններից են։


 


Որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը։ Տարիների ընթացքում իրականացված մշտադիտարկումների, ինչպես նաև տարեկան և արտահերթ զեկույցների շրջանակում հետևողականորեն արձանագրվել են ոլորտում առկա համակարգային խնդիրները՝ մասնավորապես, խոշտանգումների կանխարգելման երաշխիքների ամրապնդման, խոշտանգումների հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման արդյունավետ մեխանիզմների ձևավորման և վատ վերաբերմունքի զոհ դարձած անձանց համապարփակ աջակցության ապահովման անհրաժեշտության առումով։


 


«Այս համատեքստում ընդգծում եմ, որ խոշտանգում վերապրած անձինք և նրանց ընտանիքները պետք է ունենան պետության կողմից երաշխավորված, հասանելի և շարունակական հոգեբանական, բժշկական, սոցիալական և վերականգնողական ծառայություններ։ Նման աջակցությունը մարդու արժանապատվության վերականգնման և իրավունքների լիարժեք ապահովման կարևոր նախապայման է։


 


Միաժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ ազատությունից զրկված անձանց նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումների վերաբերյալ ահազանգեր և բողոքներ: Յուրաքանչյուր նման դեպք պահանջում է անհապաղ արձագանք, արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ և անկախ, անաչառ ու համակողմանի քննություն։


 


Կրկին ընդգծում եմ՝ պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները խոշտանգումների կանխարգելման, յուրաքանչյուր հաղորդման արագ և արդյունավետ քննության և տուժածների իրավունքների լիարժեք վերականգնման համար։


 


Վստահ եմ, որ միասնական և շարունակական աշխատանքի արդյունքում հնարավոր է ձևավորել հասարակություն, որտեղ խոշտանգումների և վատ վերաբերմունքի որևէ դրսևորում հանդուրժելի չի լինի»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը: 


 

Դիտումների քանակ9

Leave a comment