Պրոբացիայի ծառայության սարքերը նորոգման կարիք ունեն

Քաղաքականություն
Հասարակություն

Պրոբացիայի ծառայության սարքերը նորոգման կարիք ունեն

Ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակների և խափանման միջոցների արդյունավետ կիրառման, ինչպես նաեւ 1535 էլեկտրոնային հսկողության սարքավորում գործնականում պատշաճ աշխատանքային վիճակի բերելու կառավարությունը որոշման նոր նախագիծ է մշակել։ 

Ներկայացվող նախագծի նպատակն է ապահովել Պրոբացիայի ծառայության կողմից դատական ակտերի ժամանակին եւ պատշաճ կատարումը։

2025 թվականին նախատեսվել է ձեռք բերել 2000 հատ էլեկտրոնային հսկողության սարք (1000 ներտնային վերահսկման սարք՝ նախատեսված տնային կալանք և 1000 էլեկտրոնային հսկողության շղթա՝ վարչական հսկողություն խափանման միջոցների համար)։ Սակայն մատակարարվել է 759 էլեկտրոնային հսկողության սարք (30 տնային և 729 վարչական հսկողության), իսկ 2026 թվականին՝ փետրվարի 25-ին եւս 425 էլեկտրոնային հսկողության սարք (182 տնային և 243 վարչական հսկողության)։ 

Պրոբացիայի ծառայությունում 2025 թվականի ընթացքում այլնտրանքային խափանման միջոցներով հաշվառվել է 3692 շահառու, որից 2053-ը՝ տնային կալանք, իսկ 1639-ը՝ վարչական հսկողություն խափանման միջոցներով։ Ստացվում է, որ 2025 թվականի ընթացքում այլնտրանքային խափանման միջոցներով հաշվառված շահառուների քանակը 1524-ով կամ 70,3%-ով գերազանցում է 2024 թվականի համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը։ 

2026 թվականի առաջին եռամսյակի ընթացքում այլընտրանքային խափանման միջոցներով և ազատության սահմանափակում պատժով վարույթների աճի միտումները շարունակվում են պահպանվել։

Իսկ էլեկտրոնային հսկողության սարքերի կիրառումը, ինչպես նմանատիպ բոլոր սարքավորումների դեպքում, ենթադրում է երաշխիքային ու հետերաշխիքային տեխնիկական սպասարկման անհրաժեշտություն։ 2023-2024 թվականներին ձեռք բերված սարքերի համար սահմանվել է մեկ տարվա, իսկ 2025 թվականից հետո ձեռք բերված սարքերի համար 3 տարվա երաշխիքային սպասարկման ժամկետ։ Իսկ 2023-2024 թվականներին ձեռք բերված սարքերը ներկայումս կարիք ունեն անցնելու ընթացիկ տեխնիկական սպասարկում։ Այն այմանավորված է սարքերում տեղակայված լիցքավորման մարտկոցների փոխարինման հանգամանքով՝ կապված դրանց բնական մաշվածությամբ, քանի որ սարքի մարտկոցի օգտակար ծառայության ժամկետը նախատեսված է 1,5-ից մինչեւ 2 տարի։

     Իսկ ընթացիկ նորոգման ենթակա է 439 միավոր սարք, որոնցից 281-ը հանված են կիրառությունից, իսկ 158-ը կիրառվում է , սակայն բավականին ցածր էլեկտրական լիցք պահելու ունակ սարքեր են։ 1050 սարք էլ ունի միջին ու միջինից ցածր սահմանային էլեկտրական լիցք պահելու ունակություն, եւ ընթացիկ տարում դրանց մարտկոցները նույնպես ենթակա են փոխարինման։ 

Բացի ընթացիկ նորոգման ենթակա սարքերից, 37 միավոր սարք ներկա պահին ենթակա են հիմնանորոգման՝ պայմանավորված դրանց կիրառման ընթացքում շահառուների կողմից սարքերի միտումնավոր կամ անզգուշաբար վնասելու, տարբեր միջամտությունների արդյունքում սարքի ֆունկցիոնալությունը խափանելու կամ այլ հանգամանքով։ Սակայն պատճառված նյութական վնասները գնահատվել են եւ փոխհատուցվել են պետական բյուջե։

Հիմնվելով նախորդ տարիների փորձի եւ առկա վիճակագրության վրա՝ կանխատեսվում է եւս 9 սարքի հիմնանորոգման անհրաժեշտություն։

Արդյունքում 46 միավոր սարքի հիմնանորոգման եւ 1489 միավոր սարքի ընթացիկ նորոգման համար անհրաժեշտ է 7,888.1 հազ․ ՀՀ դրամ եւ 42,017.3 ՀՀ դրամ կամ ընդհանուր առմամբ 49,905.4 հազ․ ՀՀ դրամ։

Կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվում է հատկացնել 329,880.6 հազ․ դրամ՝ էլեկտրոնային հսկողության սարքերի լրացուցիչ խմբաքանակ (300 հատ ներտնային և 128 վարչական հսկողության) ձեռք բերելու, ինչպես նաեւ 1535 սարքի ընթացիկ ու կապիտալ նորոգում իրականացնելու համար։

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

 

 

Leave a comment